Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 4-րդ տուրում «Փյունիկն» Արմավիրի քաղաքային մարզադաշտում ուժերը չափեց Երևանի «Արարատի» հետ։
Այս խաղն առաջինն էր Արտակ Օսեյանի համար մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, ով 5 տարի անց կրկին ստանձնել էր «Փյունիկի» գլխավոր մարզչի ղեկը։
Հանդիպման առաջին 45 րոպեներն աչքի չընկան գոլային պահերով և թիմերի կատարմամբ դիտարժան խաղով, ու, թերևս, առաջին կեսում միակ նշանակալի իրադարձությունը՝ փոքրիկ շնիկի մուտքն էր խաղադաշտ։
Ընդմիջումից հետո առաջինը մեր թիմի դարպասին սպառնացին «Արարատի» ֆուտբոլիստները, երբ Պատրիկ Հանձոնգոյի հեռու տարածությունից կատարած հարվածից հետո Հենրի Ավագյանը մի փոքր դժվարությամբ կարողացավ հետ մղել գնդակը։
Այդուհանդերձ, 51-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Գևորգ Տարախչյանը ձախ եզրով շարժվեց դեպի կենտրոն ու հիանալի փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Էրիկ Օկանսիին, ով էլ սառնասրտորեն գնդակն ուղարկեց «Արարատի» դարպասը՝ 0:1: Գանացի ֆուտբոլիստն ինքն իրեն լավ նվեր մատուցեց ծննդյան օրվա առթիվ։
Խաղավերջում արարատցիներն երկու անգամ վտանգավոր պահ ստեղծեցին մեր թիմի դարպասի մոտ, բայց, բարեբախտաբար, Արթուր Քարտաշյանի և Կալիֆալա Դումբիայի հարվածները չհասան նպատակին։
«Փյունիկի» կազմում կարող էր աչքի ընկնել փոխարինման մտած Սարգիս Մեթոյանը, երբ օդային պայքարում հաղթող դուրս եկավ «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի Աբուդույի հետ պայքարում ու նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասապահին ու հրաշքով չհայտնվեց դարպասում։
Խաղի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին փոխարինման մտած Վագներ Գոնսալվեշն արագ հակագրոհի արդյունքում գնդակը հասցեագրեց մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Դանիիլ Կուլիկովին, ով նույնպես փոխարինման էր մտել, և վերջինիս ուժեղ հարվածից հետո «Արարատի» դարպասապահը ոտքով հեռացրեց գնդակն ու փրկեց իր թիմին։ Դրանից անմիջապես հետո գնդակը հայտնվեց մեր թիմի կազմում ևս մեկ փոխարինման մտած ֆուտբոլիստի՝ Դանիել Աղբալյանի մոտ, ով էլ լայնակի ու հաշվենկատ փոխանցումով գնդակն ուղարկեց Վագներ Գոնսալվեշին, իսկ բրազիլացի ֆուտբոլիստը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դեմ, թնդանոթային հարվածով դրեց հանդիպման վերջակետը՝ 0:2: Տեղին է նշել, որ Վագներ Գոնսալվեշը ծանր վնասվածքից հետո տևական ժամանակ անց կրկին գոլի հեղինակ դարձավ։
«Փյունիկն» անցկացրած երեք խաղում տոնեց իր 2-րդ հաղթանակն ու վաստակած 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ խաղին ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն, ով խաղից հետո տրիբունայից ողջունեց իր նախկին ֆուտբոլիստներին։
Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 29-ին՝ Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում հյուրընկալելով «Ուրարտուին»։