0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» խաղավերջում զիջեց «Ուրարտուին»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին։

Այս խաղից առաջ թիմերը վաստակել էին 7-ական միավոր ու մրցաշարային աղյուսակում բաժանում էին 1-2-րդ տեղերը։

Հանդիպումն անհաջող սկսվեց մեր թիմի համար ու հենց խաղասկզբում «Փյունիկը» հայտնվեց պարտվողի դերում։ Արդեն 3-րդ րոպեին Ալեմաոն պարզ իրավիճակում կորցրեց գնդակն, ինչից հետո Ալեքսանդր Լյովեն ներխուժեց մեր թիմի տուգանային հրապարակ ու նրա հարվածից հետո Հենրի Ավագյանը հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Օլեգ Պոլյակովն առաջ մղեց իր թիմին՝ 0։1։

Բաց թողած գոլից հետո «Փյունիկի» բոլոր փորձերը հաշիվը վերականգնելու համար ապարդյուն էին ու հատկապես հարձակման գծում մեր թիմի մոտ պակասում էր սրությունը։

41-րդ րոպեին «Փյունիկն» առաջին լուրջ սպառնալիքը ստեղծեց «Ուրարտուի» դարպասի մոտ, երբ Էրիկ Օկանսին ստանալով գնդակը Դանիիլ Կուլիկովից, հայտնվեց նպաստավոր դիրքում ու նրա հարվածն աննշան բարձր ստացվեց։

Քիչ անց հաջողությանը շատ մոտ էր Խավի Մորենոն, ով փորձեց պտտեցրած հարվածով գրավել մրցակցի դարպասի հեռավոր անկյունը, սակայն գնդակը շոշափելով ուղղահայաց դարպասաձողը, դուրս եկավ դաշտի սահմաններից։

Երկրորդ կեսում «Փյունիկն» ավելի լավ տեսք ուներ ու 51-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի գոլի շնորհիվ նույնիսկ կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ չեղարկեց գոլը, քանի որ գոլային գրոհի ժամանակ Մարիուս Նուբիսին գտնվել էր խաղից դուրս վիճակում։

Այնուամենայնիվ, ընդամենը 3 րոպե անց մեր թիմին հաջողվեց արդյունքի հասնել։ Սերգեյ Վակուլենկոն լայնակի փոխանցումով գնդակն ուղարկեց աջ եզրում գտնվող Խավի Մորենոյին և վերջինս ստանալով գնդակն, այն հարմարեցրեց ձախ ոտքին ու ուժեղ հարվածով գրավեց «Ուրարտուի» դարպասը՝ 1:1։

Դրանից հետո «Փյունիկի» կազմում դարպասը գրավելու լավ հնարավորություններ ունեցան նաև Միխայիլ Կովալենկոն ու Ֆիլիպե Ալմեյդան, բայց նրանց գլխով կատարած հարվածները փոքր-ինչ շեղ ստացվեցին։

Ցավոք, հանդիպման ավելացված երկրորդ րոպեին հյուրերին հաջողվեց հաղթանակ կորզել այս խաղում։ Նարեկ Աղասարյանի հեռու տարածությունից կատարած հարվածից հետո Հենրի Ավագյանը ոչ այնքան վստահ խաղաց ու վրա հասած Արտեմի Գունկոն գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը։

«Փյունիկին» այլևս խաղաժամանակը չբավականեցրեց փրկելու հանդիպումն ու զիջեց «Ուրարտուին» 1։2 հաշվով՝ թույլ տալով վերջինիս շրջանցել իրեն մրցաշարային աղյուսակում։

Այս տուրից հետո թիմերը կգնան երկշաբաթյա դադարի, որը պայմանավորված է հավաքականների միջազգային հանդիպումներով, իսկ առաջնության հաջորդ խաղում, սեպտեմբերի 14-ին՝ «Փյունիկը» կմրցի գործող չեմպիոն «Նոայի» հետ։

Վերջին նորություններ