Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին»։
Խաղը շատ հաջող սկսվեց մեր թիմի համար և արդեն առաջին րոպեին Արիս Կարապետյանի փոխանցումից հետո Արամ Ահարոնյանն առաջ մղեց «Փյունիկ Ակադեմիային»։
Սակայն ընդամենը 6 րոպե անց «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստներին հաջողվեց արագորեն վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Դաշտի տերերի կազմում 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ Ախմեդ Ջինդոյանը։
Ընդմիջումից հետո «Փյունիկ Ակադեմիային» հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ Մեր թիմի ավագ Հայկ Թաթոսյանը տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ։
Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս փոփոխություններ չեղան հաշվի մեջ և «Փյունիկ Ակադեմիան» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում։
Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 11-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Առաջին խմբի առաջնության առաջատար «Սարդարապատին»։