0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել էր «Գաձասարին»։

Մեր թիմը նախորդ տուրում հաղթելով ԲԿՄԱ-ին, լի էր վճռականությամբ զարգացնելու հաջողությունն ու ավելացնել միավորների պաշարը։

Բանակայինների դեմ նախորդ խաղի համեմատ, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ընդամենը մեկ փոփոխություն էր կատարել «Փյունիկի» մեկնարկային կազմում․ պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի փոխարեն՝ պաշտպանության կենտրոնում տեղ Էր զբաղեցրել Սերգեյ Վակուլենկոն։

Առաջին վտանգավոր պահը 11-րդ րոպեին ստեղծեցին դաշտի տերերը, երբ Լյուկ Մերիլը մեծ արագությամբ ներխուժեց «Փյունիկի» տուգանային հրապարակ ու նրա հարվածից հետո Հենրի Ավագյանը կարողացավ չեզոքացնել սպառնալիքը։

Մեր ֆուտբոլիստներն առաջին վտանգավոր պահը ստեղծեցին 44-րդ րոպեին․ Ալեմաոն սուր փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Գևորգ Տարախչյանը մի ակընթարթ ուշ հասավ գնդակին։

Ընդմիջումից հետո խաղն ավելի հետաքրքիր պայքարում անցավ։ 50-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոյի հարվածը վտանգավոր էր, բայց հաջող խաղաց «Գանձասարի» դարպասապահ Նիկիտա Լոբուսովը։

63-րդ րոպեին մեր թիմը ստացավ տուգանային հարվածի իրավունք և Դանիիլ Կուլիկովը պատ կազմած ֆուտբոլիստների գլխավերևով վարպետորեն գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասը՝ 0։1։ Ռուս կիսապաշտպանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։

Բաց թողած գոլից հետո դաշտի տերերը փոքր-ինչ ակտիվացան և խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում։ Դրվագներից մեկում Պետրոս Ավետիսյանի հարվածից հետո գերազանց խաղաց Հենրի Ավագյանը։

Խաղի ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Փյունիկը» լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշիվը, բայց Միխայիլ Կովալենկոյի հարվածից հետո Լոբուսովը փրկեց իր թիմին։

«Փյունիկը» հաղթեց 1։0 հաշվով և շարունակում է հետապնդել առաջատարներին։

Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 4-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Չարենցավանի «Վանին»։

Վերջին նորություններ