Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» Վանաձորում հյուրընկալվեց «Բենտոնիտին»։
Առաջին կեսում դաշտի տերերին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Ընդ որում, գոլային դրվագի ժամանակ մեր թիմի դարպասապահ Արթուր Պետրոսյանը կարողացավ երկու անգամ հետ մղել Միքայել Նդիդիի հարվածները, սակայն Արմեն Կիրակոսյանը երրորդ փորձից գնդակն ուղարկեց դարպասը՝ 1։0։
Ընդմիջումից հետո մեր թիմի խաղին թարմություն հաղորդեցին փոխարինման մտած ֆուտբոլիստները։ 55-րդ րոպեին Արտակ Գալստյանը քիչ մնաց տուգանային հարվածով գրավեր «Բենտոնիտի» դարպասը, սակայն գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից։
Իսկ րոպեներ անց Վալերի Համբարձումյանի անհատական անցումից ու հարվածից հետո գնդակը շոշափելով ուղղահայաց դարպասաձողը, դուրս անցավ դաշտի սահմաններից։
75-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիային» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ Խառն իրադրությունում գոլի հեղինակ դարձավ Գևորգ Վարդանյանը։
Խաղի ավելացված ժամանակում մեր թիմը մոտ էր հաղթանակ կորզելու այս խաղում, սակայն Վալերի Համբարձումյանի հարվածից հետո գնդակը կրկին դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
«Փյունիկ Ակադեմիան» հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 10-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վան-2»-ին։