Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 3-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային», որը մինչ հաշվետու հանդիպումը դեռևս անպարտելի էր։
Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ կյանքից հեռացած մեր նշանավոր հայրենակից ու լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։
Հանդիպման մեկնարկային րոպեներն ավելի ակտիվ սկսեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն, ովքեր խաղասկզբում մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին մեր թիմի դարպասի մոտ։
Այդուհանդերձ, 18-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Ընդ որում, գոլային գրոհը սկսվեց մեր թիմի տուգանային հրապարակից, որից հետո գնդակը ձախ թևում ստացավ Խավի Մորենոն, ով պատ խաղարկելով Ալեքսանդր Միլկովիչի հետ, ներխուժեց տուգանային հրապարակ ու գրավեց Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը՝ 1։0։
34-րդ րոպեին հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Արայիկ Էլոյանի հարվածից հետո մեր թիմին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։
Երկրորդ կեսում մեր ֆուտբոլիստները հիմնականում վերահսկում էին խաղն ու կարողացան չեզոքացնել մրցակցի հարձակման գծի ֆուտբոլիստներին։
84-րդ րոպեին «Փյունիկը» հիանալի հնարավորություն ստացավ երկրորդ գնդակն ուղարկելու «Արարատ-Արմենիայի» դարպասը, երբ արագ հակագրոհի արդյունքում Միխայիլ Կովալենկոն մեն-մենակ դուրս բերեց Մատաս Վարեյկային, սակայն լիտվացի ֆուտբոլիստը հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։
Խաղի ավելացված ժամանակում Արթուր Սերոբյանի իրացրած տուգանային հարվածից հետո Հենրի Ավագյանը սլացիկ ցատկով փրկեց մեր թիմին։ «Փյունիկը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվն ու շատ կարևոր 3 միավոր վաստակեց ուժեղ մրցակցի դեմ մրցավեճում։
Այս խաղից հետո մեր թիմը վաստակեց 26 միավոր և «Ուրարտուի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը, սակայն անձնական խաղերի արդյունքով զիջում է վերջինիս։
Հաջորդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին», որից հետո թիմերը կգնան ձմեռային դադարի ու առաջնությունը կվերսկսվի գալիք տարվա գարնանը։