0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» գավաթային խաղում զիջեց «Նոային»

Հայաստանի Գավաթի 2025/26 թթ․ խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումներով մեկնարկեց մրցաշրջանի գարնանային հատվածը։

Այս փուլում մեր թիմին բաժին էր հասել գործող չեմպիոն և գավաթակիր Երևանի «Նոան», որը մի քանի օր առաջ էր ավարտել իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Նոայի» ֆուտբոլիստներն ու առաջին 20 րոպեներին հյուրերն ունեին որոշակի տարածքային առավելություն։

35-րդ րոպեին «Փյունիկը» ստեղծեց այս խաղում իր առաջին գոլային պահը, երբ Դանիիլ Կուլիկովը տուգանայինի մատույցներից փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Նոային» հաջողվեց բացել խաղի հաշիվը․ Գուստավո Սանգարեն ճշգրիտ փոխանցումով գտավ թիմի նորեկ Վալենտին Կոստակեին, ով էլ գնդակն ուղարկեց «Փյունիկի» դարպասը՝ 0։1։

Բաց թողած գոլը չընկճեց մեր ֆուտբոլիստներին, և 53-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովի լավ փոխանցումից հետո Մոմո Յանսանեն շտապեց դեպի գնդակն, իսկ նրան ընդառաջ դուրս եկած «Նոայի» դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն խախտեց խաղի կանոններն ու մրցավարն առանց վարանելու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Խավի Մորենոն դիպուկ հարվածով կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը՝ 1։1։

Սակայն 67-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստներին կրկին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Անկյունայինի խաղարկումից հետո Հովհաննես Համբարձումյանը մոտ տարածությունից հաշիվը դարձրեց՝ 1։2։

«Փյունիկն» ամեն կերպ փորձում էր խույս տալ պարտությունից և մի քանի լավ պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ։ Մեր թիմից կարող էին աչքի ընկնել Խավի Մորենոն, Կառլեն Հովհաննիսյանը և փոխարինման մտած Մարիուս Նուբիսին։

Խաղավերջում «Փյունիկը» կարող էր ոչ-ոքի կորզել այս խաղում, երբ Լուկաս Վիլելայի լավ անցումից ու փոխանցումից հետո Ֆիլիպե Ալմեյդայի գլխով կատարած հարվածն աննշան շեղ ստացվեց ու հրաշքով չհայտնվեց դարպասում։

Իսկ ավելացված ժամանակում մեր թիմը մնաց 10 հոգով․ դաշտից հեռացվեց փոխարինման մտած Էրիկ Օկանսին։

«Նոան» կարողացավ պահել հաղթական հաշիվը, սակայն ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում։

Վերջին նորություններ