0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կրկին հաղթեց «Ալաշկերտին»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկն» Արմավիրի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց «Ալաշկերտին», որի հետ դաշտի տիրոջ կարգավիճակով մրցել էր նախորդ տուրում։

Հանդիպման առաջին իրական գոլային պահը ստեղծեցին դաշտի տերերը, երբ 17-րդ րոպեին Ջեֆերսոն Գրանադոյի հարվածից հետո Հենրի Ավագյանը սլացիկ ցատկով փրկեց մեր թիմին վերահաս գոլից։

Այդուհանդերձ, առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը․ գոլային գրոհի սկիզբը դրեց Խավի Մորենոն, ով երկար ուղերթով շարժվելով առաջ, գնդակը փոխանցեց հսկողությունից դուրս մնացած Գևորգ Տարախչյանին, իսկ վերջինս էլ այն հասցեագրեց Մոմո Յանսանեին և մեր հարձակվողը գրավեց «Ալաշկերտի» դարպասը՝ 0-1։ Գվինեացի ֆուտբոլիստին հաջողվեց առաջնությունում անցկացրած երրորդ խաղում անընդմեջ աչքի ընկնել՝ խփելով իր 4-րդ գոլը։

Երկրորդ կեսում «Փյունիկը» հմտորեն պաշտպանվելով, կարողացավ պահպանել հաղթական հաշիվն ու անչափ կարևոր հաղթանակ տարավ։ Մեր թիմը վաստակած 38 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Այս տուրից հետո Fastex Պրեմիեր լիգայում կլինի կարճատև դադար՝ պայմանավորված միջազգային հանդիպումներով, իսկ առաջնության հաջորդ տուրում՝ ապրիլի 6-ին, «Փյունիկը» կուղևորվի Գյումրի, որտեղ կհյուրընկալվի «Շիրակին։

Վերջին նորություններ