0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ալեքսանդր Տարխանովի նախախաղային մամուլի ասուլիսը

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի մակեդոնական «Շկուպիի» դեմ խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի նախախաղային մամուլի ասուլիսը։

Ասուլիսին մասնակցեց նաև «Փյունիկի» դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը։

Ա.Տ. - Նախապատրաստական փուլը սկսել ենք դեռևս մեկ ամիս առաջ։ Մեկ շաբաթ մարզվել ենք Երևանում, ապա մեկնել ենք Սլովենիա, որտեղ ստեղծված էին լավ պայմաններ։ Կարծում եմ՝ այնտեղ լավ աշխատանք կատարեցինք, ստուգողական հանդիպումներում մրցեցինք թիմերի հետ, որոնք նույնպես հանդես են գալու Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Մրցակիցներից՝ սլովենական «Մուրան» և լեհական «Կրակովիան» իրենց երկրների ավարտված առաջնություններում գրավել են 4-րդ տեղը։ Ըստ իս՝ այս թիմերը մեր առաջիկա մրցակցի հետ միասին գրեթե նույն մակարդակն ունեն։

Ա.Դ. - Ուրախ եմ, որ վաղը մեկնարկելու ենք Եվրոպա լիգայի այս խաղարկությունում։ Մենք լավ հավաք անցկացրեցինք Սլովենիայում։ Մի քանի ստուգողական հանդիպումներում խաղացինք և իմ կարծիքով՝ լավ հանդես եկանք։ Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք վաղվա խաղին։ Հարգում ենք մեր մրցակցին՝ «Շկուպիին», բայց վստահ եմ, որ եթե մենք վաղը ցույց տանք մեր լավագույն որակները, ապա կարող ենք լավ արդյունքի հասնել։

Խաղն անցկացվելու է Գյումրիում. Ի՞նչ կասեք խոտածածկի մասին։

Ա.Տ. - Երեկ մենք այնտեղ մարզում ենք անցկացրել և կարող եմ ասել, որ խոտածածկը լավ վիճակում է։ Ինչ վերաբերում է մարզադաշտին , ապա այն հաճելի և հարմարավետ մարզադաշտ է:

Ա.Դ. - Նախորդ  2 խաղերում, երբ մենք խաղացել ենք Գյումրիում՝ «Փյունիկը» հաղթանակ է տարել։ Հուսով եմ, որ վաղը մենք այստեղ կշարունակենք այդ հաղթանակների շարքը։

Նախապատրաստական փուլն ինչպե՞ս եք գնահատում։ Որքանո՞վ է պատրաստ թիմը վաղվա հանդիպմանը։

Ա.Տ. - Վերջին ստուգողական հանդիպումներում, հատկապես «Ուրալի» և «Կրակովիայի» դեմ, թիմը լավ որակի խաղ ցուցադրեց և կարծում եմ, որ արդեն պատրաստ ենք։ Թիմում ունենք նորեկներ և առաջիկա խաղում նրանցից մի քանիսը հանդես կգան։ Հուսով եմ՝ նրանք կօգնեն թիմին։ Թեև մենք խնդիրներ ունենք կենտրոնական գոտում, քանի որ թիմից հեռացել են Դենիս Տալալայն ու Ռումյան Հովսեփյանը, ովքեր լավ խաղացողներ էին։ Իհարկե, ափսոսում ենք, որ նրանք հեռացան, բայց կարծում եմ, որ նորեկները հուսախաբ չեն անի։

Իսկ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կա՞ն։

Ա.Տ. - Այս պահի դրությամբ՝ ոչ։ Մի քանի խաղացողներ կային, որոնք 1 օր բաց էին թողել և մենք նույնպես նրանց հանգստի հնարավորություն ընձեռեցինք։ Իսկ ընդհանուր առմամբ, թիմի բոլոր խաղացողները մասնակցել են մարզումներին։

Հավանաբար ուսումնասիրել եք մրցակցին. Ինչքանո՞վ է նա հարմար «Փյունիկի» խաղաոճին։

Ա.Տ. - Մենք դիտել ենք «Շկուպիի» վերջին 2 ստուգողական հանդիպումները և նորից պետք է կրկնվեմ, որ նրանք գրեթե նույն մակարդակի թիմ են, ինչ սլովենական և լեհական ակումբները, որոնց հետ մենք խաղացինք։ Ուկրաինական «Մարիուպոլի» դեմ խաղում նրանք գործում էին պաշտպանությունից, իսկ ռումինական «Պոլիտեխնիկայի» հետ հանդիպման ընթացքում դիմում էին պրեսինգի և փորձում գրոհներ ձեռնարկել։ Կարող եմ ասել, որ «Շկուպին» շատ ամուր թիմ է և հատկապես լավ է գործում պաշտպանությունում։ Ընդհանրապես, հիմա չկան վատ թիմեր՝ բոլոր թիմերն էլ շատ կազմակերպված են խաղում։ Կարծում եմ, որ «Շկուպին» լավ մրցակից է։ 

Դուք ներքին առաջնությունում հանդիպել եք բոլոր հայկական թիմերի հետ. Ո՞ր թիմին եք նմանեցնում «Շկուպիի» խաղաոճը։

Ա.Տ. - Մի փոքր դժվար է պատասխանել, բայց խաղաոճով այն առավել նման է «Շիրակին»։

Դուք ժամանակին աշխատել եք Հայաստանում և արդյո՞ք հասցրել եք այն ժամանակ լինել Գյումրիում։ Ի՞նչ հիշողություններ ունեք այստեղից։

Ա.Տ. - Այո, 1990թ.-ին եղել եմ այստեղ, երբ մարզում էի Օդեսսայի ԲՄԱ-ն։ Մենք այդ ժամանակ խաղացինք Լենինականում։ Կար նաև «Ստեփանակերտ» թիմը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ 2-րդ լիգան լավ կազմ ուներ, որում ընդգրկված էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի շատ թիմեր։

Այն, որ դիմակայությունը բաղկացած է լինելու երկու հանդիպումներից, առաջին խաղում շեշտը դնելո՞ւ եք գոլ բաց չթողնելու վրա, թե՞ փորձելո՞ւ եք արդեն առաջին խաղում լուծել բոլոր հարցերը։

Ա.Տ. - Ոչ, մենք դավանում ենք ավելի հարձակողական ֆուտբոլ և բնականաբար, դա գնդակի վերահսկումն է, գրոհների բազմազանությունը, անհատական որակները, որոնք հարկ եղած դեպքում պետք է оգտագործել։ Կարծում եմ, երբ նրանք խաղան խորը պաշտպանությունից, ապա նման իրավիճակում բացի թիմայինից՝ պետք է գործեն նաև անհատական որակները։ Մենք ունենք նման որակներով օժտված խաղացողներ։

Մրցակիցն ի՞նչ թիմի տպավորություն է թողնում, ֆիզիկապե՞ս է ուժեղ, թե՞ այլ որակներո՞վ է աչքի ընկնում։

Ա.Տ. - Նրանք բավական խիտ են խաղում պաշտպանությունում և ավելի շատ միտված են դեպի հակագրոհները։ Ինչպես նշեցի, քանի որ «Մարիուպոլը» ավելի ուժեղ թիմ էր, այդ խաղում նրանք ավելի շատ գործում էին պաշտպանությունից, իսկ ահա ռումինական թիմի հետ մրցավեճում, թեև մրցակցի դարպասի մոտ չստեղծեցին իրական գոլային պահեր, սակայն ավելի շատ ուժերով էին գրոհում։

«Փյունիկն», առհասարակ, մակեդոնական թիմերի հետ հաջող է խաղում։ Այս վիճակագրությունն ինչ-որ բան հուշո՞ւմ է Ձեզ, թե՞ ընդհանրապես նշանակությո՞ւն չունի Ձեզ համար։

Ա.Տ. - Չէի ասի, թե ուշադրություն ենք դարձնում նման բաներին։ Ամեն տարի տարբեր թիմեր են։

Վերջին նորություններ