«Գանձասարի» նկատմամբ տարած (2:0) հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը կիսվեց իր տպավորություններով և խոսեց Վյաչեսլավ Աֆյանի մարզավիճակի մասին։
«Կարծում եմ, այսօր բավական լավ, որակյալ ու ինտենսիվ խաղ անցկացրեցինք։ Ամբողջովին վերահսկում էինք խաղի ընթացքն ու ըստ իս՝ կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով։
Ապագայից դեռ չեմ խոսի, բայց, իհարկե, հասկանում ենք, որ մեկ միավորը մեզ բավարար է, որպեսզի մասնակցենք եվրոպական մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգային։ Բայց մենք ուզում ենք առաջնության մնացած երկու խաղերում առավելագույն արդյունք ապահովենք և դրա համար կանենք ամեն ինչ։
Այն, որ Վյաչեսլավ Աֆյանն արդեն խաղաժամանակ է ստանում վերջին հանդիպումներում, խոսում է նրա առաջընթացի մասին։ Մենք ուրախ ենք, որ նա աստիճանաբար մեր պահանջներին համապատասխան ֆուտբոլ է ցուցադրում՝ ոչ միայն խաղերին, այլև մարզումներին ու հուսով եմ՝ ընթացքում նա դեռ շատ մեծ առաջընթաց է ունենալու»։