Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ․ առաջնության նախավերջին տուրում «Փյունիկը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում հյուրընկալվեց «Գանձասարին»։
Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորությունն ու մրցանակային տեղերի համար անողոք պայքարը, «Փյունիկին» պարտադրում էր առաջ գնալ ու ինքնուրույն լուծել իր առջև դրված խնդիրները։
Խաղը շատ ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստներն ու 16-րդ րոպեին «Փյունիկի» ձեռնարկած եռաքայլ կոմբինացիայից հետո, Խավի Մորենոն մեկ հպումով գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասը՝ 0։1։ Անշուշտ, դա լավ սկիզբ էր մեր թիմի համար ու հաղթանակի լուրջ հայտ այս խաղում։
37-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը քիչ մնաց կրկնապատկեր մեր թիմի առավելությունը, երբ «Գանձասարի» տուգանային հրապարակում նշան բռնեց դեպի դարպասի հեռավոր վերին անկյունը, սակայն գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից։ Րոպեներ անց հետևեց Տարախչյանի հերթական հարվածն ու գնդակը կրկին հրաշքով չհայտնվեց դարպասում։ Ընդհանրապես, Գևորգն այս խաղում շատ ակտիվ էր ու մեծ ծավալի աշխատանք կատարեց։
Առաջին կեսում «Փյունիկը» զգալի առավելություն ուներ, գրոհները սպառնալից էին ու կարող էր ընդմիջման գնալ առնվազն 2-3 գնդակի առավելությամբ։ Մեր թիմի կազմում հիանալի պահեր ունեցան նաև Դանիիլ Կուլիկովը և Ալեմաոն։
65-րդ րոպեին «Փյունիկի» ճնշումը կրկին տվեց իր արդյունքը․ Դանիիլ Կուլիկովն աջ թևից լայնակի փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Ֆիլիպե Ալմեյդայի ընթացքից կատարած հարվածից հետո «Գանձասարի» դարպասապահ Նիկիտա Լոբուսովը կարողացավ մի կերպ հետ մղել գնդակը, սակայն վրա հասած Մոմո Յանսանեն կրկնապատկեց հաշիվը՝ 0։2։ Գվինեացի հարձակվողն ընթացիկ առաջնության գարնանային հատվածում անցկացրած 11 խաղում իր 7-րդ գոլը խփեց՝ հավասարվելով Մարիուս Նուբիսիին։
Հանդիպման մնացած ժամանակում այլևս փոփոխություններ չեղան հաշվի մեջ ու «Փյունիկը» հերթական կարևոր 3 միավոր վաստակեց։ Եվրագավաթային ուղեգրին տիրանալու համար մեր թիմին մնացած երկու խաղերում բավարար կլինի մեկ միավոր վաստակել։
Նշենք, որ հաջորդ խաղը Արտակ Օսեյանի թիմը կանցկացնի մայիսի 23-ին՝ առաջնության 13-րդ տուրից հետաձգված խաղում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունելով «Նոային»։