0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Մալթայի «հարավային ծովափնյա բնակիչները». Ներկայացնում ենք մեր մրցակցին

Հուլիսի 9-ին «Փյունիկն» իր ելույթները կսկսի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկությունում՝ որակավորման առաջին փուլում մրցելով Մալթայի «Մարսաշլոկ» թիմի հետ։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է Մալթայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 16-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

«Մարսաշլոկ» ակումբը ստեղծվել է 1949 թվականին և ներկայացնում է Մալթայի հարավ-արևելյան շրջանում գտնվող Մարսաշլոկ ձկնորսական գյուղը։ Այդ պատճառով թիմին անվանում են՝ «Հարավային ծովափնյա բնակիչներ» (անգլ․ Southseasiders)։

2025 թվականի մայիսին «Մարսաշլոկը» ներկայացրեց իր նոր տարբերանշանը՝ դրա ստեղծման մեջ ոգեշնչվելով մալթական «Լուտսու» ավանդական ձկնորսական նավակի թե՛ ձևով, թե՛ գունային գամմայով, և դրա հետ համադրելով ակումբի նախորդ տարբերանշանների դետալները։

«Մարսաշլոկն» իր պատմության ընթացքում ընդամենը մեկ անգամ է դարձել Մալթայի չեմպիոն (2006/07 թթ․)։

Մալթայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում, որն անցկացվում է մի քանի փուլով, «Մարսաշլոկը» շատ մոտ էր չեմպիոնությանը, սակայն փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում 1։2 հաշվով զիջեց «Ֆլորիանային» ու բավարարվեց 2-րդ տեղով։

Թիմը 2024 թվականի սեպտեմբերից գլխավորում է 56-ամյա իտալացի մասնագետ Վինչենցո Պոտենցան:

«Մարսաշլոկի» առաջատար խաղացողներից են համարվում՝ Մալթայի ազգային հավաքականի 36-ամյա կենտրոնական պաշտպան Էնրիկո Պեպեն, արգենտինացի 29-ամյա կիսապաշտպան Ուլիսես Արիասը և կամերունցի 29-ամյա հենակետային կիսապաշտպան Ժոզեֆ Մինալան։ Վերջինս ժամանակին հանդես է եկել Հռոմի «Լացիոյում»։

Մալթական ակումբի կազմն օրերս համալրել են ուկրաինացի 28-ամյա պաշտպան Ալեքսեյ Բիկովը և բրազիլացի 29-ամյա փորձառու հարձակվող Մաթեուս Սիլվան։

Թիմի հիմնական դարպասապահն է 32-ամյա Քրիստոֆեր Մաֆումբին, ով 37 հանդիպում է անցկացրել Կոնգոյի ազգային հավաքականի կազմում։ Ի դեպ, Մաֆումբին 2023/24 թթ․ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Երևանի «Նոայում» ու Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 9 խաղի։

Մալթական թիմը 6-րդ անգամ կմասնակցի եվրագավաթներին․ նախորդ հինգ դեպքերում թիմը դուրս է մնացել որակավորման հենց առաջին փուլերից։ «Մարսաշլոկի» նախորդ մասնակցությունը եվրագավաթներում եղել է 2 տարի առաջ՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 թթ․ խաղարկությունում, որտեղ երկու խաղերի արդյունքով (1:1, 1:2) զիջել է ալբանական «Պարտիզանի» թիմին։

Ավելացնենք, որ «Մարսաշլոկը» կլինի առաջին մալթական ակումբը, որի հետ «Փյունիկը» կհանդիպի եվրագավաթներում։

Վերջին նորություններ