ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ մալթական «Մարսաշլոկի» դեմ խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և մեր թիմի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Կառլեն Հովհաննիսյանը նշեց, որ իր մարզավիճակը գնահատում է լավ, և ինչպես նա, այնպես էլ ամբողջ թիմը մարտականորեն են տրամադրված։
«Նախախաղային տրամադրությունը շատ մարտական է։ Պատրաստվել ենք, որ այստեղից պետք է հաղթանակով վերադառնանք։ Ուսումնամարզական հավաքը շատ լավ անցկացրեցինք, մի քանի ստուգողական խաղեր ունեցանք ու փորձեցինք մեր ուժերը։ Հիմա պատրաստ ենք միայն հաղթանակի։
Ասեմ, որ եղանակային պայմանները մեզ համար մի փոքր անսովոր են՝ հաշվի առնելով այստեղի միջերկրածովյան կլիման։ Այդիսկ պատճառով մենք ավելի շուտ ենք ժամանել Մալթա, որպեսզի կարողանանք այսպես ասած՝ կլիմայականացում անցնենք։
Այս խաղերը մեզ համար որոշիչ են և ցուցադրական։ Մենք պետք է մեզ լավ դրսևորենք ու փորձենք հնարավորինս առաջ գնանք»։
Արտակ Օսեյանը գնահատելով թիմի ներկայիս մարզավիճակը, համոզմունք հայտնեց, որ նախապատրաստական ժամանակահատվածը մաքսիմում էֆեկտիվ են օգտագործել ու պատրաստ են պատշաճ կերպով ներկայանալ մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղին։
«Թիմը շատ մարտական ու լուրջ է տրամադրված։ Մենք ունեցել ենք լավ նախապատրաստական շրջան ու այդ առումով կարող ենք ասել՝ բավական մեծ աշխատանք ենք կատարել։ Եվ, ըստ իս՝ թիմն այս փուլի համար պատրաստ է։ Իհարկե, անհանգստացնող բաներ էլ կան, բայց դա բնականոն երևույթ է։
Ճիշտն ասած, մենք շատ մեծ նշանակություն չենք տալիս այն հանգամանքին, որ առաջին խաղը դրսում ենք անցկացնելու, թե՛ տանը։ Այստեղի խոտածածկն արհեստական է՝ դա որոշակի դժվարություններ կարող է ստեղծել, բայց չեմ կարծում, թե այդ ամենը որոշիչ է լինելու։ Իմ կարծիքով՝ վաղվա խաղում շատ ավելի ուրիշ տվյալներ են որոշիչ դեր խաղալու։
Իհարկե, մենք բավականին լավ վերլուծել ենք մեր մրցակցին ու ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում այն փաստին, թե նախկինում այս թիմն ինչ արդյունքներ է գրանցել եվրագավաթներում, քանի որ դա անցյալում է և ոչ մի կերպ այսօրվա հետ կապ չունի։ Կարող եմ ասել, որ «Մարսաշլոկը» բավական որակով թիմ է՝ հավաքագրված փորձառու ֆուտբոլիստներով։ Շատ ռացիոնալ ու բալանսավորված ֆուտբոլ են խաղում և կավելացնեմ որ տակտիկական առումով բավական կազմակերպված են։ Այնպես որ, մենք սպասում ենք շատ բարդ մրցակցություն։
Միանշանակ, «Փյունիկի» փորձը եվրոպական մրցասպարեզում՝ թիմի գլխավոր հաղթաթղթերից մեկն է լինելու, բայց փորձից բացի՝ այլ ուրիշ որակներ էլ պետք է շատ ներդնենք, որ կարողանանք դրական արդյունքի հասնենք»։