ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկի» դեմ արտագնա խաղով «Փյունիկը» սկսեց իր ելույթները նոր մրցաշրջանում։
Դիմակայության առաջին խաղում Արտակ Օսեյանն առաջին րոպեներից խաղադաշտ էր դուրս բերել իր տրամադրության տակ եղած երևի թե ամենաօպտիմալ կազմը։ «Փյունիկի» մեկնարկային կազմում հայտնված միակ «նորեկը»՝ Հովհաննես Հարությունյանն էր, ում պայմանականորեն կարելի էր որպես այդպիսին համարել։ Ավելորդ չէ նշել, որ մեր թիմի հայտացուցակից որակազրկման պատճառով բացակայում էր բրազիլացի Խամես Սանթոսը։
Հանդիպման հենց սկզբից մեր թիմը խաղը թելադրողի դերում էր ու առաջին 5-6 րոպեներին կարողացավ մի քանի սպառնալից պահեր ստեղծել «Մարսաշլոկի» դարպասի մոտ։ Արդեն 4-րդ րոպեին «Փյունիկը» հրաշալի հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, երբ արագ հակագրոհի արդյունքում, Մոմո Յանսանեն ստանալով գնդակը Միխայիլ Կովալենկոյից, նպաստավոր դիրքից մի փոքր բարձր հարվածեց։
Քիչ անց մալթական ակումբի դարպասին վտանգավոր հարված կատարեց Դանիիլ Կուլիկովն, ապա մեկ րոպե հետո Մոմո Յանսանեն սուր անկյան տակ փորձեց աչքի ընկնել, սակայն երկու դեպքում էլ «Մարսաշլոկի» դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբին մեծ դժվարությամբ կարողացավ հետ մղել գնդակը։
40-րդ րոպեին «Փյունիկի» գործադրած ջանքերը տվեցին իրենց արդյունքը․ Դանիիլ Կուլիկովը գնդակով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո «Մարսաշլոկի» ավագ Խուան Կորբոլանը խախտեց խաղի կանոնները մեր ֆուտբոլիստի հետ պայքարում և հանդիպման բոսնիացի մրցավար Միլոշ Գիգովիչն առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Մոմո Յանսանեն ու անվրեպ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 0։1։
Հատկանշական է, որ գվինեացի հարձակվողը եվրագավաթներում իր նախորդ գոլը խփել էր երկու տարի առաջ՝ կրկին Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում, երբ Քութայիսիի «Տորպեդոյի» կազմում երկու խաղերում էլ գրավել էր Նիկոսիայի «Օմոնիայի» դարպասը։
Ընդմիջումից հետո էլ մեր թիմը բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և 51-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց կրկնապատկել իր առավելությունը։ Մեր ֆուտբոլիստներն արագ փոխանցումներով խաղարկեցին գնդակը, որից հետո Մոմո Յանսանեն հարվածային դիրք դուրս բերեց Արտակ Դաշյանին, իսկ վերջինս էլ գործի դրեց իր «գլխավոր զենքը»՝ տուգանային հրապարակից դուրս կատարած անկասելի հարվածով հաշիվը դարձնելով 0:2։
Ի դեպ, Արտակը մեկ անգամ չէ, որ նմանատիպ հարվածով մեր թիմի կազմում աչքի է ընկնում եվրագավաթներում։ Կարելի է հիշել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում, տուգանայինի մատույցներից նրա խփած գոլերը Բրատիսլավայի «Սլովանի» և էստոնական «Նարվա Տրանսի» դարպասները։
65-րդ րոպեին մեր թիմի հերթական գրոհներից մեկը կրկին պսակվեց հաջողությամբ։ Փոխարինման մտած կիպրոսցի հարձակվող Յասոնաս Պիկիսն, ով իր նորամուտն էր նշում «Փյունիկում», հաշվենկատ փոխանցում ստանալով Դանիիլ Կուլիկովից, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և նրա հարվածից հետո Մաֆումբին անձնուրաց խաղաց, սակայն Միխայիլ Կովալենկոն երկրորդ փորձից կարողացավ վարպետորեն գնդակն ուղարկել «Մարսաշլոկի» դարպասը՝ 0։3։
Խաղի մնացած ժամանակահատվածում մեր թիմը ևս մի քանի իրական պահ ունեցավ ու կարող էր հաշիվը դարձնել ավելի խոշոր։ Հաջողությանը շատ մոտ էին փոխարինման մտած Ռոբերտ Դարբինյանը և նույն Արտակ Դաշյանն, ում ուժգին հարվածից հետո գնդակը ցնցեց մրցակցի հորիզոնական դարպասաձողը։
«Փյունիկը» արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով՝ դրա հետ մեկտեղ աչքի ընկնելով կոմբինացիոն ու դիտարժան խաղով։
Մեր թիմը «Մարսաշլոկի» դեմ պատասխան խաղից առաջ, որը կկայանա հուլիսի 16-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, հաջորդ փուլ դուրս գալու համար լուրջ հայտ ներկայացրեց։