0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» վստահորեն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանն ընդունեց Մալթայի «Մարսաշլոկ» թիմին, որին դիմակայության առաջին խաղում դրսում հաղթել էր 3։0 հաշվով ու գործնականում լուծել հաջորդ փուլ դուրս գալու հարցը։

Թիմերի առաջին խաղի համեմատ Արտակ Օսեյանն ընդամենը մեկ փոփոխություն էր կատարել «Փյունիկի» մեկնարկային կազմում։ Մոմո Յանսանեի փոխարեն, ով Մալթայում կայացած խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ, մեր թիմի հարձակման գծում առաջին րոպեներից խաղում էր կիպրոսցի Յասոնաս Պիկիսը։

Առաջին խաղում տարած համոզիչ ու վստահ հաղթանակից հետո, շատերն ակնկալում էին, որ պատասխան խաղում ևս «Փյունիկը» խնդիրներ չի ունենա ու մալթական թիմին կրկին կհաղթի խոշոր հաշվով։

Համենայնդեպս, մեր թիմի խնդիրը հեշտացավ արդեն խաղասկզբում, երբ 10-րդ րոպեից սկսած «Մարսաշլոկը» մնաց տասը ֆուտբոլիստներով։ Դանիիլ Կուլիկովը նուրբ և հաշվենկատ փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Յասոնաս Պիկիսին, որին ընդառաջ դուրս եկած մրցակցի դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբին խախտեց խաղի կանոններն ու հանդիպման իռլանդացի մրցավար Աարոն Օ'Դաուդը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց նրան։

Սակայն որքան էլ զարմանալի էր, ստացած քանակական առավելությունը, մեծ հաշվով, էականորեն ոչինչ չտվեց «Փյունիկին»։ Տպավորություն կար, որ առաջին խաղում վաստակած 3 գոլի առավելությունից հետո մեր ֆուտբոլիստները փոքր-ինչ բավարարվել էին ձեռք բերածով ու այս անգամ նրանց գործողություններում պակասում էր դինամիկան ու գրոհների սրությունը։ Ինչևէ, առաջին կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Ընդմիջումից հետո «Փյունիկն» առաջին լուրջ պահը ստեղծեց 54-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Վյաչեսլավ Աֆյանը տուգանային հրապարակից դուրս կատարած ուժեղ հարվածով փորձեց գրավել դարպասն ու մրցակցի դարպասապահը միայն մատների ծայրերով կարողացավ գնդակը հանել անկյունային։

60-րդ րոպեին մեր թիմի կազմում փոխարինման դուրս եկավ Մոմո Յանսանեն ու գվինեացի հարձակվողը հերթական անգամ աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։

77-րդ րոպեին Կառլեն Հովհաննիսյանը խլելով գնդակը, անմիջապես այն փոխանցեց Մոմո Յանսանեին, ով մրցակցի տուգանային հրապարակում արդեն պատրաստվում էր եզրափակել, սակայն «Մարսաշլոկի» պաշտպան Վեդեր Սիլվան հարվածեց մեր հարձակվողի ոտքին ու մրցավարը ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Դանիիլ Կուլիկովն ու սառնասրտորեն բացեց խաղի հաշիվը՝ 1։0։ 

Ի դեպ, այդ գոլը պատմական էր մեր թիմի համար, քանի որ դա «Փյունիկի» խորհրդանշական 100-րդ գոլն էր եվրագավաթների խաղարկություններում։

Մեր թիմը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել ու դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի հունգարական «Դեբրեցենի» հետ։

Նշենք, որ այդ դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 23-ին, Հունգարիայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Վերջին նորություններ