Վաղը՝ հուլիսի 23-ին «Փյունիկն» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլում կմրցի Հունգարիայի «Դեբրեցենի» հետ։ Դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան խաղը կայանալու է հուլիսի 30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ակումբը ստեղծվել է 1902 թվականին և ներկայացնում է Դեբրեցեն քաղաքը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Հունգարիայում՝ մայրաքաղաք Բուդապեշտից հետո։

Թիմի ամբողջական անվանումն է՝ «Դեբրեցենի երկաթուղային սպորտային ակումբ» (հունգ․ DVSC), և դրանով է պայմանավորված ակումբի տարբերանշանի կենտրոնում գտնվող պատկերը։

«Դեբրեցենը» տնային հանդիպումներն անցկացնում է «Նադյերդեի» մարզադաշտում, որը տեղավորում է 20340 հանդիսական։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։

«Դեբրեցենը» Հունգարիայի 7-ակի չեմպիոն է (2004/05, 2005/06, 2006/07, 2008/09, 2009/10, 2011/12, 2013/14 թթ.), 6-ակի գավաթակիր (1998/99, 2000/01, 2007/08, 2009/10, 2011/12, 2012/13 թթ.) և 5-ակի սուպերգավաթակիր (2005, 2006, 2007, 2009, 2010 թթ.): Թիմը նաև մեկ անգամ նվաճել է Հունգարիայի լիգայի գավաթը (2009/10 թթ.)։

Այդ ցուցանիշով թիմը դարձել է 2000 թվականից ի վեր Հունգարիայի երկրորդ ամենահաջողակ ակումբը՝ զիջելով միայն երկրի ֆուտբոլային դրոշակակիր «Ֆերենցվարոշին»։

Թիմի ղեկն այս տարվա հունիսից ստանձնել է 50-ամյա էստոնացի մասնագետ Գերտ Ռեմելը, որը մինչ այդ աշխատում էր լեհական «Մոտոր Լյուբլին» ակումբի մարզչական շտաբում։ Ռեմելը «Դեբրեցենի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է իսպանացի Սերխիո Նավարոյին։

«Դեբրեցենի» ավագն ու ամենափորձառու ֆուտբոլիստը հունգարական ֆուտբոլի լեգենդ, 39-ամյա կիսապաշտպան Բալաժ Ջուջակն է։ Նա Հունգարիայի ազգային հավաքականում անցկացրել է 109 խաղ ու այդ ցուցանիշով համարվում է ազգային ընտրանու ռեկորդակիրը։ Իր երկրի ազգային հավաքականի կազմում Ջուջակը մասնակցել է ԵՎՐՈ-2016-ին և մրցաշարի ընթացքում եղել է թիմի ավագը։

Այս տարվա հունիսին Բալաժ Ջուջակը ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականը երկարաձգեց իր պայմանագիրը «Դեբրեցենի» հետ։

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռացել են առաջատար երկու ֆուտբոլիստներ՝ Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Տամաշ Սյուչը և հարձակվող Դոնատ Բարանը՝ տեղափոխվելով համապատասխանաբար պորտուգալական «Ֆամալիկան» և նիդեռլանդական «Դեն Հաագ»։

Փոխարենը «Դեբրեցենի» կազմը համալրել են բուլղարացի դարպասապահ Պլամեն Անդրեևը («Ֆեյենորդ», Ռոտերդամ), իսրայելցի ձախ պաշտպան Ռոթեմ Կելլերը («Մակկաբի», Նեթանյա), բոսնիացի հենակետային կիսապաշտպան Բլաժ Բոսկովիչը («Լոկոմոտիվա», Զագրեբ), կատալոնական «Բարսելոնայի» սան, իսպանացի 31-ամյա կիսապաշտպան Սերխի Սամպերը («Մոտոր», Լյուբլին) և ֆրանսիացի 22-ամյա հարձակվող Սոհան Բալդոնին, որը տեղափոխվել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի «Կոնկարնո» թիմից։

«Դեբրեցենը» եվրագավաթներում հանդես գալու զգալի փորձ ունի․ 2009/10 մրցաշրջանում «Դեբրեցենը» հասել է մինչև Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլ, որտեղ մրցեց անգլիական «Լիվերպուլի», ֆրանսիական «Լիոնի» և իտալական «Ֆիորենտինայի» հետ։ Դա հունգարական թիմի լավագույն արդյունքն է եվրագավաթներում։

2010/11 մրցաշրջանում «երկաթուղայինները» հանդես եկան նաև Եվրոպա լիգայի մրցաշարի խմբային փուլում՝ մրցելով ուկրաինական «Մետալիստի», իտալական «Սամպդորիայի» և նիդեռլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ։

Հատկանշական է, որ Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման 2-րդ փուլում «Դեբրեցենը» հանդիպեց Երևանի «Ալաշկերտի» հետ (1:0, 1:2) և միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով կարողացավ հաղթահարել հայկական թիմի արգելքը։

Նախորդ մրցաշրջանում «Դեբրեցենը» Հունգարիայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղն ու, երեք տարի անց, կրկին եվրագավաթային ուղեգիր նվաճեց։

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, «Դեբրեցենը» 12-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց Ավստրիայի Բադ-Լոյպերսդորֆ քաղաքում, որի շրջանակում անցկացրեց ստուգողական 3 հանդիպում։ Հունգարական թիմը ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Վիեննայի «Աուստրիայի» հետ, ապա 1։3 հաշվով զիջեց սերբական «Ժելեզնիչարին», իսկ ուսումնամարզական հավաքը եզրափակեց խորվաթական «Սլավեն Բելուպոյի» դեմ 2։1 հաշվով հաղթանակով։

Նշենք, որ «Դեբրեցենը» կլինի հունգարական 3-րդ ակումբը, որի հետ «Փյունիկը» կհանդիպի եվրագավաթներում. Չեմպիոնների լիգայի 1997/98 խաղարկության որակավորման փուլում մեր թիմը երկու հանդիպումներում զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին (0։2, 3։4), իսկ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում «Փյունիկի» ճանապարհին կանգնեց «Դյորը» (2։1, 1։3)։