0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյանի և Հենրի Ավագյանի նախախաղային մամուլի ասուլիսը

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ հունգարական «Դեբրեցենի» դեմ խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և թիմի դարպասապահ Հենրի Ավագյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Հենրի Ավագյանի կարծիքով՝ ինչպես ինքն, այնպես էլ ամբողջ թիմը լավ մարզավիճակում են գտնվում ու փորձելու են լավ արդյունքով վերադառնալ տուն։

«Շատ լավ ենք պատրաստվել այս խաղին։ Գիտենք, թե որտեղ ենք գտնվում։ Ինչպես միշտ, «Փյունիկի» առջև նպատակները միշտ բարձր են։ Եկել ենք այստեղ՝ լավագույն կողմերով մեզ դրսևորելու ու լավ արդյունքով տուն վերադառնալու։

Իմ կարծիքով՝ էական տարբերություն կա, երբ առաջին խաղն անցկացնում ես մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան հանդիպումը՝ տանը։ Երբ առաջին խաղն անցկացնում ես դրսում, կարող ես տակտիկական գործողություններով այնպես խաղալ, որ ավելի հարմար հաշվով վերադառնաս տուն։

Իհարկե, հասցրել ենք ուսումնասիրել մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, սակայն չէի ցանկանա դրանց մասին մանրամասնել։ Կարող եմ ասել, որ պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»։

Արտակ Օսեյանը նշեց, որ ինչպես բոլոր խաղերից հետո, այնպես էլ «Մարսաշլոկի» դեմ պատասխան հանդիպումն իրենք վերլուծել են՝ աշխատելով շտկել սխալները, որպեսզի դրանք հետագայում չկրկնվեն, և հույս հայտնեց, որ վաղվա խաղում բոլորովին այլ պատկեր կլինի։

««Դեբրեցենը» բավական բարձրակարգ թիմ է՝ համալրված լավ մակարդակի ֆուտբոլիստներով։ Իհարկե, դժվար հանդիպումներ են մեզ սպասվում, բայց, ըստ իս՝ այս դիմակայությունում չկա ֆավորիտ, և թիմերի շանսերը գնահատում եմ հավասար։

Կարծում եմ, որ մեզ մի փոքր առավելություն կտա այն հանգամանքը, որ, ի տարբերություն մրցակցի՝ «Փյունիկն» արդեն հասցրել է երկու խաղ անցկացնել Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում, բայց դժվար թե դա որոշիչ դեր խաղա։

Մեր առաջնային խնդիրն է երկար ճանապարհ անցնելուց հետո արագ վերականգնվելը։ Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք խաղից երկու օր առաջ ենք ժամանել Հունգարիա, և հուսով եմ, որ վաղն արդեն լիովին վերականգնված կլինենք»։

Վերջին նորություններ