0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» համար «հունգարական պատնեշը» կրկին մնաց անանցանելի

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց հունգարական «Դեբրեցենին», որին դիմակայության առաջին խաղում զիջել էր նվազագույն հաշվով ու ստիպված էր կորցրածը հետ բերել։

Առաջին խաղի համեմատ «Փյունիկի» մեկնարկային կազմում կատարվել էր երեք փոփոխություն․ հարձակման գծում այս անգամ Մոմո Յանսանեի փոխարեն մեկնարկային րոպեներից խաղում էր Յասոնաս Պիկիսն, իսկ Էրիկ Սիմոնյանն ու Նիկոլաոս Կայնուրգիոսը փոխարինել էին վնասվածք ստացած Ֆիլիպե Ալմեյդային և Արտակ Դաշյանին։ Վերջինս ընդհանրապես բացակայում էր խաղի հայտացուցակից։

Ինչպես և Հունգարիայում, այս անգամ էլ «Փյունիկն» ավելի լավ տպավորություն թողեց առաջին կեսում ու կարող էր ընդմիջման գնալ նվազագույնը դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարեցրած։

Արդեն 15-րդ րոպեին «Դեբրեցենի» խաղացող Դավիդ Պատայի՝ սեփական տուգանային հրապարակի մատույցներում կատարած սխալ փոխանցումից հետո մեր ֆուտբոլիստները հնարավորություն ունեին արագորեն պատժելու մրցակցին, սակայն Սեադ Իսլամովիչի հարվածից հետո գնդակը չնչին շեղությամբ դուրս եկավ դարպասաձողի կողքով։

23-րդ րոպեին «Փյունիկը» ստեղծեց երկրորդ իրական պահը․ Հովհաննես Հարությունյանն անկյունայինից գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Սերգեյ Վակուլենկոյի գլխի հարվածից հետո «Դեբրեցենի» դարպասապահ Պլամեն Անդրեևը հրաշքով փրկեց իր թիմին։

Ընդամենը մեկ րոպե անց արդեն Դանիիլ Կուլիկովը կարող էր եվրագավաթային երրորդ անընդմեջ տնային խաղում իր անունը վառել «Հանրապետական» մարզադաշտի լուսատախտակին, սակայն ռուս կիսապաշտպանի պտտեցրած հարվածից հետո կրկին գերազանց խաղաց Պլամեն Անդրեևը։

36-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովի իրացրած տուգանայինից հետո Նիկոլաոս Կայնուրգիոսը մոտ տարածությունից գրավեց «Դեբրեցենի» դարպասը, սակայն հանդիպման հյուսիսմակեդոնացի մրցավար Իգոր Ստոյչևսկին արձանագրեց խաղից դուրս վիճակ, որը խիստ կասկածելի էր։ Ինչևէ, գոլը չհաշվվեց, որը, սակայն, կարող էր կանխորոշել դիմակայության ելքը․․․

Դրանից հետո Հովհաննես Հարությունյանը լավ պահ ունեցավ աչքի ընկնելու համար. դաշտի կենտրոնում խլելով գնդակը՝ մեր կիսապաշտպանը մոտեցավ «Դեբրեցենի» տուգանային հրապարակին, ու նրա ուժեղ հարվածից հետո գնդակը կրկին սլացավ դարպասաձողի կողքով՝ հրաշքով չհայտնվելով դարպասում։

Ընդմիջման գնալուց առաջ «Դեբրեցենի» ֆուտբոլիստները ստեղծեցին իրենց առաջին իրական գոլային պահը, երբ Հենրի Ավագյանի անհաջող փոխանցումից հետո մրցակցի ֆուտբոլիստներն արագորեն խաղարկեցին գնդակը, ու Բլաժ Բոշկովիչի հարվածը, բարեբախտաբար, մի փոքր շեղ ընթացավ, այլապես գոլն անխուսափելի էր։

Երկրորդ կեսում պատկերը փոխվեց, ու «Փյունիկի» գրոհների թափը թուլացավ։ Փոխարենը «Դեբրեցենը» գործում էր անչափ կազմակերպված ու առիթը բաց չէր թողնում արագ հակագրոհներով անակնկալի բերելու մեր թիմին։

Հյուրերը հենց երկրորդ կեսի մեկնարկում իրական պահ ստեղծեցին մեր դարպասի մոտ․ Ֆլորիան Ցիբլան, որը դարձել էր առաջին խաղի միակ գոլի հեղինակը, քիչ մնաց մոտ տարածությունից աչքի ընկներ, և լավ է, որ այդ դրվագում գնդակը դիպավ Էրիկ Սիմոնյանին ու փոքր-ինչ շեղեց ուղղությունը։

58-րդ րոպեին Արտակ Օսեյանը միանգամից եռակի փոփոխություն կատարեց՝ խաղադաշտ մտցնելով Մոմո Յանսանեին, Իման Գրիֆիթին և Վիտիին։ Առաջ անցնելով նշենք, որ այդ փոփոխությունները սպասված սրությունը չհաղորդեցին մեր թիմի հարձակմանը։

70-րդ րոպեին հյուրերի հերթական հակագրոհը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, երբ փոխարինման մտած Ակոշ Սենդրեյը, ներխուժելով «Փյունիկի» տուգանային հրապարակ, շրջանցեց Սերգեյ Վակուլենկոյին, և եթե չլիներ Հենրի Ավագյանի հուսալի խաղը, ապա հաշիվը կբացվեր։

Րոպեներ անց «Դեբրեցենի» ավագ Բալաժ Ջուջակի՝ աջ թևից կատարած փոխանցումից հետո գնդակը Սերգեյ Վակուլենկոյից անդրադարձով դիպավ դարպասաձողին, ու կրկին բախտը ժպտաց «Փյունիկին»։

Խաղավարտից միայն 10 րոպե առաջ մեր թիմը կարողացավ միացնել երբեմնի «տուրբոն» ու սկսեց պաշարել «Դեբրեցենի» տուգանային հրապարակը։

81-րդ րոպեին Վիտին և Ռոբերտ Դարբինյանը խաղարկեցին գնդակը, ու վերջինս այն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Կառլեն Հովհաննիսյանը շատ մոտ էր հավասարեցնելու դիմակայության ընդհանուր հաշիվը, սակայն նրա հարվածը չհասավ նպատակին։ Դա մեր թիմի ստեղծած ամենաիրական պահն էր երկրորդ կեսում։

Խաղի ավելացված ժամանակում «Դեբրեցենը» կարող էր հաղթանակ կորզել այս խաղում․ Բալաժ Ջուջակի ուժեղ հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, և Մարկ Սեչին փորձեց գլխի հարվածով դարպասն ուղարկել հետ եկած գնդակը, սակայն Հենրի Ավագյանը հիանալի ռեակցիա դրսևորեց։

Ցավոք, մեր թիմին երկու խաղերում այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին, ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, որը երրորդ փուլ դուրս բերեց «Դեբրեցենին»։

Ինչպես և Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության երկրորդ փուլում, այս անգամ էլ մեր թիմին պայքարից դուրս թողեց Հունգարիայի ներկայացուցիչը։ Ընդ որում, եվրագավաթների խաղարկություններում հունգարական թիմերի արգելքը հաղթահարելու «Փյունիկի» բոլոր երեք փորձերն էլ անհաջող են ստացվել։

Վերջին նորություններ