«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ Դմիտրի Սելյուկը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով խորհրդական։
Դմիտրի Սելյուկը ֆուտբոլային ոլորտում ավելի քան երկու տասնամյակ գործունեություն ծավալած մասնագետ է, որի աշխատանքային փորձը ներառում է եվրոպական և հետխորհրդային ֆուտբոլի մի շարք առաջատար ակումբներ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ։
Սելյուկի աջակցությամբ Յայա Տուրեն իր կարիերայի ընթացքում հասավ ֆուտբոլային բարձրագույն մակարդակին։ «Բարսելոնայի» կազմում կոտդ՛իվուարցի կիսապաշտպանը նվաճեց վեց տիտղոս, այդ թվում՝ երկու անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, հաղթեց Իսպանիայի գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և 2008/09 մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հետագայում Տուրեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում երեք անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը և այլ տիտղոսներ։
Սելյուկի գործունեության հետ են կապված նաև Լասինա Տրաորեի և Արաս Օզբիլիզի կարիերայի կարևոր փուլերը։ Նա Օզբիլիզի տեղափոխությունը կազմակերպել է Նիդերլանդներից՝ «Կուբան», որտեղ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանից հետո հայտնվեց ավելի բարձր մակարդակի ակումբների ուշադրության կենտրոնում։ Տրաորեն էլ Ռուսաստանի առաջնությունում հանդես գալուց հետո տեղափոխվեց «Մոնակո»։
Նրա գործունեության կարևոր դրվագներից է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյոր»։ Սելյուկը հայտնել էր, որ կազմակերպել էր այդ տրանսֆերը և ներկայացնում էր ֆուտբոլիստի շահերը։
«Փյունիկում» Դմիտրի Սելյուկը կզբաղվի ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով խորհրդատուի աշխատանքով՝ իր միջազգային փորձը և ֆուտբոլային շուկայում ձևավորված լայն կապերն օգտագործելով ակումբի զարգացման, տրանսֆերային քաղաքականության և միջազգային համագործակցության ուղղություններում։
Բարի գալուստ «Փյունիկ», Դմիտրի Դմիտրիևիչ։