Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Փյունիկը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց առաջնության նորեկ «Սյունիքին»։
Հատկանշական է, որ մեր թիմը վերջին անգամ Սյունիքի մարզ էր ուղևորվել շուրջ 10 տարի առաջ, երբ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում Կապանում մրցել էր այն ժամանակվա «Գանձասարի» հետ։
Նախորդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո լավ նախադրյալներ կային, որ հաշվետու խաղում մեր թիմը հերթական 3 միավորը կվաստակի ու կհաստատվի մրցաշարային աղյուսակի վերնամասում։ Համենայնդեպս, «Փյունիկն» այս խաղի ակնհայտ ֆավորիտն էր համարվում։
Մեր թիմի մեկնարկային կազմում Արտակ Օսեյանը նախորդ խաղի համեմատ կատարել էր միանգամից 5 փոփոխություն․ վնասվածք ստացած Հենրի Ավագյանի, ինչպես նաև Ֆիլիպե Ալմեյդայի, Խամես Սանթոսի, Հովհաննես Հարությունյանի և Գևորգ Տարախչյանի փոխարեն մեկնարկային րոպեներից ասպարեզ էին դուրս եկել Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Վյաչեսլավ Աֆյանը, Իման Գրիֆիտը և Վիտին։
Արդեն 17-րդ րոպեին քիչ մնաց մեր թիմը բացեր խաղի հաշիվը, երբ Վիտին ձախ կողմից շարժվեց դեպի կենտրոն, ու նրա հարվածից հետո գնդակը մրցակցի ֆուտբոլիստից անդրադարձով հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից։
Երկու րոպե անց Յասոնաս Պիկիսի հարվածից հետո «Սյունիքի» դարպասապահ Դիոգո Սան հետ մղեց գնդակը, ապա վրա հասած Միխայիլ Կովալենկոյի հարվածից հետո դարպասապահը կրկին անձնուրաց խաղաց։
Առաջին կեսում «Փյունիկի» խաղն այնքան էլ չտպավորեց, և հատկապես մեր թիմի հարձակման գիծը փոքր-ինչ անատամ էր գործում։ Եվ պատահական չէր, որ ընդմիջմանն Արտակ Օսեյանը միանգամից եռակի փոփոխություն կատարեց։
Մեր թիմի գրոհների տեմպն արագացավ, ու երկրորդ կեսում «Փյունիկն» արդեն ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը։
64-րդ րոպեին «Սյունիքի» ֆուտբոլիստները մնացին 10 հոգով․ Սերգեյ Վակուլենկոյի դեմ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Քոբի Էննինգը, ու թվաց, թե դա էլ ավելի կհեշտացնի մեր թիմի խնդիրը։
Բայցևայնպես, «Փյունիկն» այս խաղում այդպես էլ չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին՝ զարմանալիորեն չիրացնելով մի շարք իրական հնարավորություններ։ Կարծես «Սյունիքի» դարպասը կախարդված լիներ։
Մեր թիմի կազմում հաջողության հասնելուն հատկապես շատ մոտ էին Գևորգ Տարախչյանը, Սարգիս Մեթոյանը և Յասոնաս Պիկիսը։ Վերջինս առնվազն 2-3 անգամ կարող էր աչքի ընկնել այս խաղում, իսկ 86-րդ րոպեին կիպրոսցու հարվածից հետո գնդակը նույնիսկ հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից։
Չօգտագործելով իր պահերը՝ «Փյունիկը» կորցրեց թանկարժեք երկու միավոր, և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ առաջնության 3-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիում մրցելով Բարձրագույն խմբի մյուս նորեկի՝ «Սարդարապատի» հետ։