0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր մրցակցին. «Յաբլոնեց»

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթահարեց մակեդոնական «Շկուպիի» արգելքը և հաջորդ փուլում մրցելու է Չեխիան ներկայացնող «Յաբլոնեց» թիմի հետ։

Նշենք, որ սա կլինի չեխական 2-րդ ակումբը, որի հետ մեր թիմը կհանդիպի եվրագավաթների խաղարկություններում։ Չեմպիոնների լիգայի 2011/12թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» երկու խաղերում (0-4, 1-5) զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային» և դուրս մնաց պայքարից։

Պատմությունը

Ակումբը ստեղծվել է 1945թ.-ին և կրում էր ՉՍԱ «Յաբլոնեց-նադ-Նիսոու» անվանումը։ «Յաբլոնեց» չեխերենից թարգմանաբար նշանակում է «խնձորենի»։ Թիմի առաջին հաջողությունը գրանցվեց 1963թ.-ին, երբ «Յաբլոնեցը» 2-րդ լիգայի ուղեգիր ձեռք բերեց։ 1964թ.-ին ակումբի գլխավոր հովանավորը դարձավ մեքենաներ արտադրող չեխական LIAZ ընկերությունը և ակումբը վերանվանվեց «LIAZ Յաբլոնեց»։ 1974/75թթ. «Յաբլոնեցն» իր առաջին մրցաշրջանն անցկացրեց Չեխոսլովակիայի Բարձրագույն դիվիզոնում, սակայն հաջորդ մրցաշրջանում զբաղեցրեց 15-րդ տեղը և դուրս մնաց ուժեղագույնների խմբից։

Տարիների ընթացքում հանդես գալով 2-րդ և 3-րդ լիգաներում, թիմը 1993/94թթ. մրցաշրջանում Յոսեֆ Պեշիցեի գլխավորությամբ հաղթեց 2-րդ լիգայում և կրկին վերադարձավ Չեխիայի Առաջին լիգա ու մինչ օրս այն չի լքել։

Առաջին հաջողությունները ներքին առաջնությունում կայացան1995/96 և 1996/97թթ. մրցաշրջաններում, երբ թիմը մարզում էր Իրժի Կոտրբան և «Յաբլոնեցը» երկու անգամ անընդմեջ զբաղեցրեց 3-րդ տեղը։

1998թ.-ից մինչև 2008թ.-ը թիմը կրում էր «Յաբլոնեց 97» անվանումը, իսկ դրանից հետո մինչև 2015թ.-ը հանդես եկավ «Բաումիտ Յաբլոնեց» անվամբ։ 2015թ.-ին թիմը վերջնապանապես վերանվանվեց` «Յաբլոնեց»։

2009/10թթ. մրցաշրջանում «Յաբլոնեցը» Ֆրանտիշեկ Կոմցացկու գլխավորությամբ մինչև վերջին պահը պայքարում էր չեմպիոնության համար, սակայն ընդամենը 1 միավորով հետ մնաց չեմպիոն հռչակված Պրահայի «Սպարտայից» և զբաղեցրեց 2-րդ տեղը։

«Յաբլոնեցը» երկրի կրկնակի գավաթակիր է (1998, 2012/13)։ Չեխիայի նախորդ առաջնությունում «Յաբլոնեցը» զբաղեցրել է 4-րդ տեղը։

Կազմը

«Յաբլոնեցը» համալրված է հիմնականում չեխ ֆուտբոլիստներով։ Թիմում ընդգրկված են նաև 2-ական լեգեոներ Սլովակիայից և Մոնտենեգրոյից, մեկական՝ Ուրուգվայից և Ուկրաինայից։

Թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն, անկասկած, 37-ամյա Տոմաշ Հյուբշմանն է, ով հայտնի է Չեխիայի հավաքականում և Դոնեցկի «Շախտյորում» ունեցած ելույթներով։ Հատկանշական է, որ Հյուբշմանը ժամանակին մեկ անգամ չէ, որ Դոնեցկի «Շախտյորի» կազմում հանդես է եկել «Փյունիկի» դեմ։ Մասնավորապես, Չեմպիոնների լիգայի 2004/05թթ. խաղարկության 2-րդ փուլում նա մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին, իսկ Դոնեցկում կայացած պատասխան խաղում դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը։  

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, որոնցից Միխալ Տրավնիկը և Դավիդ Լիշկան տեղափոխվել են Պրահայի «Սպարտա», Տոմաս Հոլեշը և Դավիդ Հովորկան՝ Պրահայի «Սլավիա», ինչպես նաև ավարտվել է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Էդուարդ Սոբոլի վարձակալման ժամկետը։ Բոլոր այս ֆուտբոլիստները թիմի հիմնական կազմի խաղացողներ էին համարվում։

Փոխարենը «Յաբլոնեցի» շարքերը համալրել են պաշտպաններ՝ Յակուբ Յուգասը («Սլավիա»), Դոմինիկ Պլեչատին («Սպարտա»), Լիբոր Հոլիկը («Զլին»), Յան Կրոբը («Տեպլիցե»), կիսապաշտպաններ՝ Յան Սիկորան («Սլավիա»), Յան Մատուշեկը («Սլավիա»), հարձակվող՝ Զորան Պետրովիչը («Տիտոգրադ»)։

Մարզիչը

«Յաբլոնեցի» գլխավոր մարզիչը 60-ամյա մասնագետ Պետր Ռադան է։ Նախկինում նա եղել է կիսապաշտպան, երկար տարիներ պաշտպանել է հարազատ «Դուկլայի» գույները։ Հանդես է եկել նաև Գերմանիայում՝ խաղալով Դյուսսելդորֆի «Ֆորտունայում»։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է 11 խաղ, խփել 2 գոլ։

Մարզչական գործունեության ընթացքում գլխավորել է չեխական 8 ակումբներ՝ «Տեպլիցեն», Պլզենի «Վիկտորիան», «Յաբլոնեցը», Լիբերեցի «Սլովանը», «Վիսոչինա Յիհլավան», «Պրիբրամը», Պրահայի «Սլավիան» և «Սպարտան»։

1998-2001թթ. Չեխիայի ազգային հավաքականում եղել Է Յոզեֆ Խովանեցի օգնականը, ապա 2006-2008թթ. ազգային հավաքականում աշխատել է Կարել Բրյուկների հետ։ 2008թ.-ից մինչև 2009թ.-ն ընկած ժամանակահատվածում գլխավորել է Չեխիայի ազգային հավաքականը։

Այս մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում «Յաբլոնեցը»։ Առաջին անգամ նա թիմի ղեկը ստանձնել է 2003թ.-ի հոկտեմբերին և թիմի հետ աշխատելով 4 տարի, կարողացել էր «Յաբլոնեցին» դուրս բերել Չեխիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ իր թիմը զիջել էր Պրահայի «Սպարտային»։

2018թ.-ի հունվարից, Պետր Ռադան կրկին գլխավորել է «Յաբլոնեցը»։

Մարզադաշտը

«Յաբլոնեցն» իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ստրշելնիցե» մարզադաշտում։ Շատ տարիներ առաջ այդ տեղամասն անվանվել է հենց «Ստրշելնիցե», որը թարգամանաբար նշանակում է՝ «հրաձգարան»։ Ներկայիս մարզադաշտի փոխարեն այդ վայրում գործել է հրաձգային ակումբ և մարզադաշտի անվան ծագումը պայմանավորված է այդ փաստով։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խարխլված վիճակում գտնվող այդ կենտրոնում ներդրումներ են կատարվել «Յաբլոնեց» ակումբի կողմից, որը 1955թ.-ին կառուցել է մարզադաշտի գլխավոր տրիբունան, իսկ 8 տարի անց՝ տեղադրվել է խոտածածկը։ 

Տարիների ընթացքում մարզադաշտը մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ վերակառուցումից հետո մարզադաշտը պաշտոնապես վերջին անգամ վերաբացվել է 2006թ.-ի մայիսի 30-ին, Չեխիայի և Կոստա Ռիկայի հավաքականների միջև ընկերական հանդիպումից առաջ: Վերջին վերակառուցման ընթացքում մարզադաշտում տեղադրվել է ինքնաշարժ ջեռուցման համակարգ։

2007թ.-ի օգոստոսից, մարզադաշտը կրել է Chance բուքմեյկերական ընկերության անվանումը, իսկ 2014/15թթ. մրցաշրջանից առաջ մարզադաշտին վերադարձվեց նախկին անվանումը։

Ներկայումս «Ստրշելնիցե» մարզադաշտը տեղավորում է 6268 նստատեղ։

«Յաբլոնեցը»՝ եվրոգավաթներում

Չեխական ակումբը 9 անգամ մասնակցել եվրագավաթների խաղարկություններին։ Նորամուտը նշել է 1997/98թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ ընդհանուր 8-0 հաշվով առավելության է հասել ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ։

Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում «Յաբլոնեցը» հանդես եկավ խմբային փուլում, որտեղ նրա մրցակիցներն էին՝ Կիևի «Դինամոն», «Ռեննը» և «Աստանան»։

«Յաբլոնեցի» հայտացուցակը

Դարպասապահներ

1     Յան Հանուշ                 24.04.1988            Չեխիա

30   Վլաստիմիլ Հրուբի       21.02.1985            Չեխիա

33   Ադամ Ռիխտեր            25.06.1998            Չեխիա

Պաշտպաններ

4    Յակուբ Յուգաս             05.05.1992            Չեխիա

12   Իրժի Վանյա                 05.07.1989            Չեխիա

13   Դոմինիկ Պլեչատի        18.04.1999            Չեխիա

16   Յան Կրոբ                     27.04.1987            Չեխիա

20   Լիբոր Հոլիկ                  12.05.1998            Չեխիա

23   Տոմաշ Բրեչկա              12.05.1994           Չեխիա

Կիսապաշտպաններ

3    Տոմաշ Հյուբշման            04.09.1981          Չեխիա

6    Տոմաշ Պիլիկ                   20.12.1988          Չեխիա

7    Յակուբ Պովաժանեց        31.01.1991          Սլովակիա

8    Յան Սիկորա                  29.12.1993          Չեխիա

10  Միլոշ Կրատոխվիլ          26.04.1996          Չեխիա

18  Ռաֆաել Ակոստա            02.10.1990           Ուրուգվայ

21  Յան Մատուշեկ               09.05.1998          Չեխիա

22  Անդրեյ Ֆաբրի                01.03.1997           Սլովակիա

25  Վլադիմիր Յովովիչ          26.10.1994          Մոնտենեգրո

Հարձակվողներ

15  Մարտին Դոլեժալ           03.05.1990           Չեխիա

19  Յան Կրամոստա             12.10.1990            Չեխիա

 

Վերջին նորություններ