0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Շիրակ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

25 օգոստոս, 17:00, Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ, 4-րդ տուր

Նախորդ տուրում «Փյունիկն» անսպասելիորեն 1-4 հաշվով պարտություն կրեց Երևանի «Արարատից»։ Դա առաջնության վերջին 10 խաղերում մեր թիմի առաջին պարտությունն էր։ Վերջին անգամ «Փյունիկն» առաջնությունում պարտություն էր կրել այս տարվա ապրիլի 7-ին, երբ սեփական հարկի տակ զիջել էր «Լոռիին»։

Մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» վաստակած 3 միավորով ընթանում է 6-րդ տեղում։ Առայժմ կայացած 2 հանդիպումներում մեր թիմի կազմում առավել արդյունավետ է գործել Արտյոմ Սիմոնյանն, ով 2 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։

Առաջիկա՝ 4-րդ տուրում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ մրցելու է Գյումրիի «Շիրակի» հետ, որը 6 միավորով ընթանում է 4-րդ տեղում։

Հանդիպումը կկայանա վաղը, օգոստոսի 25-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում և կսկսվի ժամը 17։00-ին։ Խաղը սպասարկելու է Զավեն Հովհաննիսյանը։

Նախորդ առաջնությունում մեր թիմը բացի «Նոայից» (նախկին «Արցախ»), առավել հաջող է հանդես եկել նաև «Շիրակի» դեմ՝ տանելով 3 հաղթանակ և 1 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Ընդ որում, «Փյունիկը» հյուրընկալվելիս 2 անգամ էլ առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ։

Ընդգծենք, որ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացած վերջին 4 խաղերում (ներառյալ՝ այս տարվա եվրագավաթային 2 խաղերը) «Փյունիկն» անպարտելի է։ Վերջին անգամ մեր թիմը հյուրընկալվելիս «Շիրակին» զիջել է 2018թ.-ի մարտի 31-ին, երբ գյումրեցիները 2 անպատասխան գնդակ էին ուղարկել «Փյունիկի» դարպասը։

Ավելացնենք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ կասեցվել են Էրիկ Վարդանյանի և ևս 2 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը: Մեր թիմի առաջատար խաղացողը նախորդ առաջնությունում ստացել էր 5-խաղյա որակազրկում, որից երեքն արդեն մարվել էին:

Վերջին նորություններ