0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

13 սեպտեմբեր, 19:15, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 6-րդ տուր

Ազգային հավաքականների խաղերի հետ կապված կարճատև դադարից հետո կրկին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։

«Փյունիկը» նախորդ տուրում կարողացավ 4-1 հաշվով առավելության հասնել առաջնության նորեկ «Երևանի» նկատմամբ և ընդհատեց 2 անընդմեջ պարտությունների անհաջող շարքը։    

Ընդգծենք, որ մեր թիմի նորեկ Դենիս Մահմուդովը՝ «Երևանի» դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ բացեց իր գոլերի հաշիվը «Փյունիկում»։

Հատկանշական է, որ դեռևս նախորդ առաջնությունից սկսած «Փյունիկը» Բարձրագույն խմբում արդեն 17 խաղ անընդմեջ դաշտից չի հեռանում առանց խփած գնդակի։ Նման ցուցանիշ մեր թիմը վերջին անգամ ունեցել է 2010-2011թթ. առաջնությունների միջև ընկած ժամանակահատվածում, երբ «Փյունիկը» նույնպես 17 խաղում անընդմեջ գրավել էր մրցակիցների դարպասը։

Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Փյունիկն» ընդունելու է «Ալաշկերտին»։ Ընթացիկ առաջնությունում մեր թիմն առաջին անգամ սեփական հարկի տակ իր հանդիպումը կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում և այն կմեկնարկի ժամը 19:15-ին։ Խաղը սպասարկելու է Գևորգ Եղոյանը։

Մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» 6 միավորով գտնվում է 6-րդ տեղում, իսկ «Ալաշկերտը» վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։

Նախորդ առաջնությունում «Փյունիկը» կարողացավ 3 անգամ հաղթել «Ալաշկերտին», իսկ մեկ հանդիպում ավարտվեց մրցակցի օգտին։ Ընդ որում, մեր թիմը հյուրընկալվելիս երկու անգամ միևնույն՝ 2-1 հաշվով հաղթել էր «Ալաշկերտին»։  

Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պաշտոնապես տեղափոխվեց «Փյունիկ»։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք իր ներկայիս մարզավիճակը թույլ կտա հայտնվել առաջիկա հանդիպման հայտացուցակում, սակայն եթե մեր թիմի մարզիչները որոշեն նրան հայտավորել «Ալաշկերտի» դեմ խաղին, ապա հանդիպմանը մասնակցելու դեպքում Օզբիլիսն իր նորամուտը կնշի ինչպես «Փյունիկում», այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Նշենք, որ «Ալաշկերտի» դեմ խաղում «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանն իր 30-րդ խաղը կանցկացնի Հայաստանի Բարձրագույն խմբում։

Վերջին նորություններ