0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ուրարտու» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

Սեպտեմբերի 18, 19։30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

Մեկնարկում է VBET Հայաստանի Գավաթի 2020/21թթ. խաղարկությունը։

«Փյունիկը» պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ վիճակահանությամբ մեր թիմին բաժին է հասել «Ուրարտուն»։

Նախորդ դիմակայությունները

Գավաթի խաղարկության շրջանակներում «Փյունիկն» ու «Ուրարտուն» մինչ օրս մրցել են 15 անգամ. 7 անգամ հաղթել է «Փյունիկը», 4 անգամ` «Ուրարտուն», 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Գնդակների տարբերությունը` 18-13։

Ընդգծենք, որ Հայաստանի Գավաթի վերջին 4 խաղարկություններից 3-ում «Փյունիկն» ու «Ուրարտուն» մրցել են իրար հետ, որոնցից 1-ում մեր թիմը հաղթահարել է մրցակցի արգելքն, իսկ 2-ում հաջողությունը ժպտացել է «Ուրարտուին»։

Գավաթային վերջին հանդիպումը

Թիմերի մասնակցությամբ գավաթային վերջին դիմակայությունը կայացել է նախորդ տարվա նոյեմբերի 2-ին։ Հիմնական և ավելացված ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթող դուրս եկավ «Ուրարտուն»։

Գավաթակիր փյունիկցիները

«Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից բոլորից շատ` կրկնակի անգամ Հայաստանի գավաթակիր են դարձել Գոռ Մալաքյանը (2012/13, 2013/14) և Ռոբերտ Հակոբյանը (2013/14, 2014/15)։ Մեկական անգամ գավաթակիր են դարձել Արթուր Գրիգորյանը (2012/13) և Արթուր Քարտաշյանը (2014/15)։ Նշված բոլոր ֆուտբոլիստները գավաթակիր են դարձել «Փյունիկի» կազմում։

«Փյունիկը»` գավաթի խաղարկությունների ռեկորդակիր

«Փյունիկն» իր պատմության ընթացքում 8 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր և այդ ցուցանիշը ռեկորդային է հայկական ֆուտբոլում։ Վերջին անգամ մեր թիմը գավաթին տիրացել է 2014/15թթ. խաղարկությունում, իսկ եզրափակչում վերջին անգամ հանդես է եկել 2016/17թթ. խաղարկության ժամանակ, որտեղ վճռորոշ խաղում 0-3 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»։

Ավելացնենք, որ «Ուրարտու» - «Փյունիկ» խաղը կկայանա վաղը` «Ուրարտու-1» մարզադաշտում և կսկսվի ժամը 19։30-ին։

Խաղը կսպասարկի Արտեմ Գասպարյանը։

Վերջին նորություններ