
31 մարտ, 14:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ, 24-րդ տուր
1-ին շրջան (Տուր 6). 29.08.2018 «Բանանց» - «Փյունիկ» 4-2 Գոլեր՝ Մոհամեդ Կոնատե, 27 (0-1), Վիտալի Ստեժկո, 46, ինքնագոլ (1-1), Էրիկ Վարդանյան, 66, 11մ (1-2), Իգոր Ստանոևիչ, 71 (2-2), Վահագն Այվազյան, 78 (3-2), Վալմերսոն Գարսիա, 84 (4-2)
2-րդ շրջան (Տուր 15). 04.11.2018 «Փյունիկ» - «Բանանց» 2-0 Գոլեր՝ Ալիկ Առաքելյան, 7 (1-0), Ալիկ Առաքելյան, 84 (2-0)
Նախորդ 2 տուրերում տարած հաղթանակներից հետո «Փյունիկը» ավելացրեց իր միավորների պաշարը և ընթանում է առաջատարների թվում: Ընդհանուր առմամբ, մեր թիմն առաջնության գարնանային հատվածում անցկացրած 4 հանդիպումներից՝ 3-ում հաղթանակ է տոնել: «Փյունիկը» հատկապես հաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս և այս պահին իր ակտիվում ունեցած 11 հաղթանակներից՝ 7-ը տարել արտագնա հանդիպումներում: Տեղին է ևս մեկ անգամ ընդգծել, որ այդ ցուցանիշով «Փյունիկը» առաջնության մասնակից թիմերի մեջ լավագույն արդյունքն ունի (23 միավոր):
Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում մեր թիմին կարևոր փորձություն է սպասվում. տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» կհյուրընկալվի «Բանանցին», որն ընդամենը 2 միավորով է զիջում մեր թիմին և մեկ խաղ պակաս է անցկացրել:
Ընթացիկ առաջնությունը «Փյունիկը» շատ հաջող սկսեց՝ մեկնարկային 3 խաղերում տանելով 3 անընդմեջ հաղթանակ և հենց «Բանանցը» կարողացավ ընդհատել մեր թիմի հաղթանակների շարքը: Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում կայացած այդ խաղում «Փյունիկը» նախ Մոհամեդ Կոնատեի, ապա Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, ցավոք, պարտվեց 4-2 հաշվով:
Թիմերի հաջորդ հանդիպումը կայացավ նախորդ տարվա նոյեմբերի 3-ին, Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում, որտեղ Ալիկ Առաքելյանի դուբլը վճռեց հանդիպման ելքը և «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով: Ավելորդ չէ նշել, որ մինչ այդ հանդիպումը մեր թիմը շուրջ 1 ամիս հաղթանակ չէր տարել՝ առաջնության 5 հանդիպումներում խփելով ընդամենը 1 գոլ:
«Բանանցի» դեմ առաջիկա խաղում «Փյունիկին», անշուշտ, դժվարին մրցավեճ է սպասվում, սակայն մյուս կողմից՝ մեր թիմը նահանջելու տեղ չունի և կփորձի պայքարել միավորների համար՝ չեմպիոնական մրցավազքից հետ չմնալու համար:
Ի դեպ, այս հանդիպումով կավարտվի մեր թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի 5-խաղյա որակազրկումը և առաջնության հաջորդ հանդիպումից սկսած նա կրկին հնարավորություն կունենա իր թիմի գործողությունները ղեկավարել տեխնիկական գոտուց: