Սերոբ Գրիգորյան. «Փյունիկը» վաղուց դարձել է իմ երկրորդ տունը»

«Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանն առաջին հարցազրույցն է տվել պայմանագիրը երկարաձգելուց հետո։

- Սերոբ, շնորհավորում եմ պայմանագրի երկարաձգման կապակցությամբ: Ի՞նչ ես զգում այս պահին:

- Շնորհակալություն: Յուրահատուկ զգացողություններ եմ ապրում, քանի որ «Փյունիկը» վաղուց դարձել է իմ երկրորդ տունը: Ես շնորհակալ եմ ակումբին վստահության համար և կանեմ ամեն բան, որպեսզի արդարացնեմ ակումբի ղեկավարների և երկրպագուների և բոլոր այն մարդկանց սպասելիքները, ովքեր հավատացել են ինձ: 

- Դու արդեն 5 տարի է`«Փյունիկում» ես: Ի՞նչ է դա քեզ տվել` որպես պրոֆեսիոնալ: 

-Այստեղ անցկացրած ժամանակն ինձ դարձրեց այն, ինչ ես կամ հիմա: Ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային առումով: Ես բարձր եմ գնահատում «Փյունիկի» բոլոր մարզիչների` իմ զարգացմանն ուղղված աշխատանքը: Այդ ուղին ինձ տարավ Հայաստանի ազգային հավաքական, ինչը շատ կարեւոր ձեռքբերում է ինձ համար: 

- Այս տարին բոլոր հայ երկրպագուները կհիշեն անհավանական հույզերով` կապված Ազգերի լիգայի խմբային փուլում մեր հավաքականի հաղթանակով: 

-Հավատացեք, ազգային հավաքականի բոլոր խաղացողները ոչ պակաս ուժեղ ապրումներ են ունեցել: Մեր հաղթանակը խմբում հպարտությամբ լցրեց մեր սրտերը հայրենիքի նկատմամբ և միավորեց թիմի բոլոր տղաներին: Մենք ուրախ ենք, որ ուրախություն ենք պատճառել մեր ժողովրդին Հայաստանի համար այսպիսի ծանր պահին: 

-Հայտնի են դարձել Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ի՞նչ ակնկալիքներ ունեն երկրպագուները այս հանդիպումներից: 

-Թե ով է խմբի առաջատարը, կարելի է կռահել` նայելով մրցաշարային աղյուսակին, բայց իրականում դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք պետք է ցույց տանք մեր առավելագույնը յուրաքանչյուր խաղում: Դա մեր շանսն է: Իսկ երկրպագուներին ես խոստանում եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ: 

-Վերադառնանք ակումբին: Ի՞նչ պետք է անի թիմն առաջնությունում իրավիճակը շտկելու համար: 

-Այո, մրցաշրջանի առաջին հատվածը մեզ համար բավականին բարդ էր: Բայց ուզում եմ, որ երկրպագուները իմանան, որ դեռ ոչինչ կորած չէ: Մենք մարտունակ թիմ ենք և կկարողանանք շտկել իրավիճակը առաջնության երկրորդ հատվածում: Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Պետք է պարզապես աշխատել և հավատաք ինքդ քեզ: Գլխավորը չհուսահատվելն է: Այս փորձությունը միայն ավելի ուժեղ է դարձնելու մեզ:

Վերջին նորություններ