0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյանի առաջին հարցազրույցը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն առաջին հարցազրույցն է տվել։

 

«Փյունիկ» տեղափոխության մասին

<Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Ակումբը գլխավորելն իմ ցանկությունն է եղել։ Ես շատ էի ցանկանում աշխատել պրոֆեսիոնալ ակումբում, Հայաստանում… առավել ևս «Փյունիկում», որն ինձ համար բրենդ ունեցող ակումբ է, պրոֆեսիոնալ, ստրուկտուրա ունեցող։ Ես այստեղ տեսնում եմ ապագա։ Այո, «Փյունիկն» ունի խնդիրներ։ Թիմը գտնվում է վերջին հորիզոնականում, բայց ես վստահ եմ, որ միասին մենք այդ խնդիրը կլուծենք և «Փյունիկին» կհասցնենք այն մակարդակին, որին «Փյունիկն» արժանի է։ Չեմ ուզի շտապել և խոսել արդյունքներից, բայց իմ նպատակն այն է, որ ակումբի ղեկավարությանը ցույց տանք, որ ճիշտ ուղղու վրա ենք, իսկ դա այն գրավականն է, որի շնորհիվ մենք կհասնենք մեր ընդհանուր նպատակին»։ 

 

Հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության մասին

Հայաստանի առաջնությունը շատ հետաքրքիր առաջնություն է։ Տպավորությունն ավելի լավն է, քան ես ունեի մինչև այստեղ աշխատելը։ Ես մտածում էի, որ այստեղ շատ են պռոբլեմները։ Այո, պռոբլեմներ բոլոր երկրներում էլ կա, բայց ընդհանուր առմամբ ես այստեղ աշխատանքից հաճույք եմ ստանում, որովհետև այստեղ կա մրցակցություն։ Սպորտը սիրում է մրցակցություն։ Դու պետք է մրցես, պայքարես… Ես դեռ ֆուտբոլիստ եղած ժամանակ էլ եմ սիրել պայքար, կռիվ, նպատակների հասնել։ Այսօր, արդեն «Փյունիկում» ես կրկին զգում եմ պայքարելու, նպատակներն իրականացնելու ցանկություն։ Եվ այս մարտահրավերն ինձ մոտիվացնում է։ Մենք հարց ունենք լուծելու և պետք է լուծենք այդ հարցը։ Իսկ թե երբ կլուծենք այդ հարցը, դա արդեն աստված գիտի։ Շատ կարևոր է, որ մենք ունենք վստահություն։ 

 

Հայ ֆուտբոլիստների մասին

Մի խոսքով եթե ասեմ, ապա հայ ֆուտբոլիստներին չի բավարարում պրոֆեսիոնալիզմը՝ աշխատանքին ճիշտ մոտեցում տալը և նաև նկատել եմ, որ նրանք շուտ են ընկճվում և հիասթափվում։ Այսինքն, եթե նրանց մոտ ինչ-որ մի բան չի ստացվում՝ հուսահատվում են։ Բայց ֆուտբոլը նման բաներ չի սիրում։ Ֆուտբոլը սիրում է պայքար մինչև վերջ։ Հուսահատվող և թույլ բնավորություն ունեցող ֆուտբոլիստներն ապագա չեն ունենա։ Իսկ հայկական մտածելակերպի մեջ հուսահատությունը տեղ ունի։ Մարզիչը եթե չի տալիս հնարավորություն այսօր, դա չի նշանակում, որ վաղը նույնպես չի տալու։ Իսկ մեր հայ ֆուտբոլիստները շտապում են և ուզում են միանգամից խաղալ մեծ ֆուտբոլ։ Այդպես չի լինում։ Հայ ֆուտբոլիստների մտածելակերպի մեջ հիմնական խնդիրը դա է։ 

 

«Փյունիկի» կազմի մասին

Ես չեմ ցանկանում շտապել, որովհետև կարծիք կազմելու համար պետք է մտնեմ աշխատանքի մեջ։ Բայց որ կա պռոբլեմ, դա փաստ է և դա ես չեմ ասում։ Դա ցույց է տալիս մրցաշարային աղյուսակը։ Այդ իսկ պատճառով շատ լուրջ պետք է մտածենք համալրման մասին։ Դա առաջնային խնդիր է և մենք հիմա այդ պրոցեսի մեջ ենք։ 

 

Եղիշե Մելիքյան ֆուտբոլիստի և մարզչի նմանությունների և տարբերությունների մասին

Կա և նմանություն և տարբերություն։ Նմանությունն այն է, որ ես որպես ֆուտբոլիստ միշտ պայքարել եմ և նպատակներիս մեծ մասին հենց դրա շնորհիվ եմ հասել։ Եվ հիմա որպես մարզիչ կրկին այդ պրոցեսի մեջ եմ։ Ես ունեմ նպատակներ ու ես կպայքարեմ, կաշխատեմ։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ հասնել իմ առջև դրված նպատակներին։ Պայքարելու հարցում կա նմանություն։ 

Տարբերությունն այն է, որ ես եղել եմ շատ ագրեսիվ ֆուտբոլիստ։ Խնդիրներ են եղել ոչ պրոֆեսիոնալ առումով, որի համար հիմա ես զղջում եմ։ Դա այնպիսի էտապ է եղել, երբ ես փորձի պակաս եմ ունեցել։ Այդ իսկ պատճառով խնդիրները եղել են և ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային։ Հիմա որպես մարզիչ ես փորձ եմ ձեռք բերել պայքարել միայն պրոֆեսիոնալ հարթության վրա և չհատեմ այդ սահմանը։ Իհարկե կլինեն դրվագներ, բայց ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է և հատկապես մարզչի աշխատանքը։ Բայց ինձ չի թվում, որ ես ինձ մեծ խախտումներ եմ թույլ տալիս։ Եթե կողքից նայողը տեսնում է նման բաներ, ապա դա էլ է նորմալ, քանի որ ինչպես արդեն նշեցի, ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է։ Ես համարում եմ, որ իմ բոլոր էմոցիաները եղել են ֆուտբոլային։ Դրա վրա ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում։ Ֆուտբոլիստները սովորաբար դեռ կայացման փուլում են լինում և նրանց ոչ պրոֆեսիոնալ վարքը երբեմն հասկանալի է, բայց մարզչի պարագայում այլ է։ Նա իրավունք չունի աչքի ընկնել ոչ պրոֆեսիոնալ վարքով։

 

Մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի մասին

Ես հունվարի 6-ին եմ միացել թիմին։ Հունվարի 8-ին մենք հավաքվում ենք։ Պատկերացնում ենք, թե ինչի վրա պետք է աշխատենք, բայց պրոցեսը դեռ պետք է կոնկրետացնենք։ Հիմա ես պատրաստ չեմ այս հարցին հստակ պատասխան տալ։ Այդ ամենը պրոցեսի մեջ է։ Այս հարցին մի փոքր ուշ կպատասխաննեմ։

 

Երկրպագուների սպասելիքների մասին

Իմ նպատակն այն է, որ ես կարողանամ օգտակար լինել «Փյունիկին» և գործով ապացուցեմ, որպեսզի թիմի նախագահը հիասթափություն չզգա։ Նա տեսնի, որ ամեն ինչ ճիշտ ուղով է գնում։ Նման իրավիճակներ բոլոր ակումբներում էլ լինում է, բայց պրոֆեսիոնալ ակումբներում գտնում են պատճառը և այդ հարցը լուծում են։ Մենք ունենք ժամանակ։ Մենք տեսնում ենք պրոբլեմը և կաշխատենք լուծել այն։ Երկրպագուներից կխնդրեմ համբերություն և իրենք վաղ թե ուշ հաճույք կստանան նայելով մեր խաղը։ Դա ես խոստանում եմ։

Վերջին նորություններ