
7 ապրիլ, 15:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 25-րդ տուր
1-ին շրջան (Տուր 7). 01.09.2018 «Փյունիկ» - «Լոռի» 0-3 Գոլեր՝ Իսահ Ալիյու, 3 (0-1), Սանդի Ումարու Ինուսա, 6 (0-2), Իսահ Ալիյու, 27 (0-3)
2-րդ շրջան (Տուր 16). 11.11.2018 «Լոռի» - «Փյունիկ» 0-1 Գոլ՝ Ռումյան Հովսեփյան, 58 (0-1)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն աստիճանաբար թևակոխել է վճռական փուլ և այժմ ցանկացած հանդիպման արժեքը մեծ է: Ընթացիկ առաջնությունում «Փյունիկին» մնացել է անցկացնել 10 հանդիպում, որոնցից 5-ում կխաղա տանը և 5 խաղ՝ արտագնա խաղերում: Անկասկած, մեր թիմն այդ հանդիպումներում կփորձի առավելագույն միավորներ քաղել:
Նախորդ տուրում «Բանանցի» դեմ կայացած արտագնա խաղում, «Փյունիկը» հանդիպման ավելացված ժամանակում կարողացավ Ռումյան Հովսեփյանի խփած գոլի շնորհիվ փրկել հանդիպումը և մրցաշարային աղյուսակում պահպանել ստատուս-քվոն:
Երրորդ խաղաշրջանի իր նախավերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է «Լոռիին»: Պետք է նշել, որ վանաձորյան թիմն այս մրցաշրջանում «Փյունիկի» համար ամենադժվար մրցակիցներից մեկն է: Առաջնության շրջանակներում թիմերը միմյանց նկատմամբ առայժմ մեկական հաղթանակ են տարել, ընդ որում՝ հյուրընկալվելիս:
Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին կայացած 7-րդ տուրի խաղում, «Լոռին» արդեն առաջին կեսում կարողացավ վճռել հանդիպման ելքը: Մրցակիցը առաջին 30 րոպեներին 3 անգամ գրավեց մեր թիմի դարպասը և մինչև խաղավերջ պահեց հաղթական հաշիվը:
Իսկ ահա առաջնության 2-րդ շրջանի թիմերի միջև կայացած խաղում, «Փյունիկը» կարողացավ Ռումյան Հովսեփյանի գոլի շնորհիվ 3 միավորով վերադառնալ Վանաձորից:
Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկի» և «Լոռիի» ճանապարհները խաչվել են նաև Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, որտեղ «Լոռին» երկու հանդիպումների արդյունքով (0-2, 1-1) կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
Զարմանալի է, բայց փաստ. այս մրցաշրջանում մեր թիմը «Լոռիի» դեմ կայացած 2 տնային հանդիպումներում (ներառյալ գավաթային հանդիպումը) պարտություն է կրել: Հուսանք, որ առաջիկա խաղում «Փյունիկը» կխախտի տհաճ ավանդույթը:
Հիշեցնենք, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի որակազրկումն ավարտվել է և «Լոռիի» դեմ խաղում նա արդեն իրավունք կունենա իր թիմի գործողությունները ղեկավարել տեխնիկական գոտուց:
Պատմական ակնարկ
Վերջում հայացք գցելով պատմությանը, նշենք, որ «Փյունիկն» իր կենսագրության ընթացքում ամենախոշոր հաշվով հաղթանակներից մեկը տարել է հենց Վանաձորի «Լոռիի» նկատմամբ. 2002թ.-ի սեպտեմբերի 17-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում «Հանրապետական» մարզադաշտում կայացած մրցավեճում մեր թիմն առավելության հասավ 13-2 հաշվով: Այդ խաղում հատկապես գոլային հրավառություն կազմակերպեցին «Փյունիկի» առաջատարներ՝ Քարամյան եղբայրները. Արմանը դարձավ 6, իսկ Արտավազդը՝ հեթ-տրիկի հեղինակ: Մեր թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան նաև Արկադի Չիլինգարյանը, Միգել Անխել Սիստեռնան, Վարդան Մինասյանը և Ֆեռնանդո Զաքարյանը: