0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ալաշկերտ» 1-0 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Ընթացիկ առաջնությունում մեր թիմն առաջին անգամ սեփական հարկի տակ իր հանդիպումն անցկացրեց Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում:

Հանդիպման առաջին 15 րոպեներն աչքի չընկան ակտիվությամբ և երկու թիմերն էլ պասիվ էին գործում:

Մեր թիմն իր առաջին գրոհը ձեռնարկեց 17-րդ րոպեին, երբ Սերգեյ Շևչուկը ձախ թևից ներխուժեց տուգանային հրապարակ և նրա փոխանցումից հետո «Ալաշկերտի» պաշտպանները կարողացան վերջին պահին գնդակը հեռացնել:

Քիչ անց, «Փյունիկի» անկյունային խաղարկումից հետո խառնաշփոթ ստեղծվեց հյուրերի տուգանային հրապարակում, սակայն այս անգամ էլ մեր թիմին չհաջողվեց արդյունքի հասնել:

30-րդ րոպեին Դենիս Տալալայի հեռահար հարվածը քիչ մնաց հասներ իր նպատակին, սակայն գնդակը հորիզոնական դառպասաձողի վրայով մի փոքր բարձր ընթացավ: Դա առաջին կեսում մեր թիմի ունեցած ամենաիրական պահն էր:

«Ալաշկերտը» պատասխանեց Դամաhոյի հարվածով, սակայն այն շեղ ստացվեց:

Առաջին կեսի ավարտից առաջ «Փյունիկը» ստացավ տուգանային հարվածի իրավունք, բայց Սերգեյ Շևչուկը թույլ հարվածեց և Օգնեն Չանչարևիչը առանց դժվարության տիրեց գնդակին:

Երկրորդ կեսն ի տարբերություն առաջինի՝ շատ բուռն մեկնարկեց և երկու թիմերը 1 րոպեի ընթացքում փոխանակվեցին շատ վտանգավոր պահերով: Նախ Ղուկաս Պողոսյանի հեռահար հարվածից հետո «Փյունիկին» փրկեց Անդրիյա Դրագոևիչը, ապա արագ հակագրոհի արդյունքում Էրիկ Վարդանյանը դուրս եկավ հարվածային դիրք և փորձեց գրավել հեռավոր աջ անկյունը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից:

58-րդ րոպեին «Փյունիկի» արագ կոմբինացիա խաղարկեց, որի արդյունքում Էրիկ Վարդանյանը գնդակը հնարամտորեն թողեց Սերգեյ Շևչուկին, սակայն վերջինիս հարվածը կրկին մի փոքր շեղ ընթացավ:

66-րդ րոպեին արդեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստները լավ պահ ունեին հաշիվը բացելու համար, երբ Ուրոշ Նենադովիչը մեծ արագությամբ սլանում էր առաջ, սակայն նրան ընդառաջ դուրս եկած Անդրիյա Դրագոևիչը ոտքով հեռացրեց  գնդակը:

78-րդ  րոպեին Ուսմանի փոխարեն խաղադաշտ մտավ Մոհամեդ Կոնատեն և վայրկյաններ անց հենց նրա անմիջական մասնակցությամբ «Փյունիկին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Սերգեյ Շևչուկը անկյունայինից գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Մոհամեդ Կոնատեն գլխով հարվածից հետո գնդակը դիպչելով «Ալաշկերտի» խաղացողներից մեկին հայտնվեց դարպասում՝ 1-0:

Թեև խաղի մնացած ժամանակահատվածում «Ալաշկերտը» փորձեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն «Փյունիկը» կարողացավ հանդիպումը հասցնել հաղթական ավարտի:

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» կարողացավ չեմպիոնական մրցավազքում շատ կարևոր 3 միավոր վաստակել և դուրս եկավ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղ:

Վերջին նորություններ