0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մեկ տարի անց. Պատմում ենք Իսպանիա տեղափոխված մեր սանի` Արամե Մինասյանի մասին

«Փյունիկի» ակադեմիայի սան 16-ամյա Արամե Մինասյանը, որը իսպանական «Սանտ Անդրեուի» կազմում մասնակցել էր «Բարսելոնայից» հասակակիցների դեմ հանդիպմանը, իր տեղափոխությունից ուղիղ մեկ տարի անց ակումբի մամուլի ծառայությանը պատմեց, թե ինչ դժվարություններ է ունեցել, ինչպես է ինտեգրվել թիմում, ձեռք բերել մարզիչների վստահությունը ու ամրապնդվել կատալոնական թիմի հիմնական կազմում:

Ֆուտբոլիստը «Սանտ Անդրեուի» մինչև 16 տարեկանների թիմին միացել էր 2022 թվականի հունվարին: Մեր սանը իսպանական թիմի հետ մասնակցում է División de Honor (թարգմանաբար` «Պատվի լիգա») առաջնությանը, որը իր կարգով ամենաբարձրակարգն է ու մրցունակը Իսպանիայի պատանեկան լիգաների շրջանում: Մինասյանն արդեն մասնակցել է 8 հանդիպման, սակայն ճանապարհը չի անցել առանց դժվարությունների: Արամեի խոսքով` ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային խաղերում մարզիչները չէին վստահում իրեն, ու 3 հանդիպմանն անընդմեջ նա դուրս էր մնում հայտացուցակից:

«Դա ինձ համար ոչինչ չէր նշանակում, ընդհակառակը ինձ ավելի մոտիվացրեց: Երբևէ չեմ մոտեցել մարզիչներին ու չեմ հարցրել` ինչու շանս չեմ ստանում: Փորձել եմ խնդիրը իմ մեջ գտնել ու մարզումներին գլուխս կախ աշխատել եմ այնքան ժամանակ, մինչև ինձ  գոնե 10 րոպե խաղաժամանակ տրամադրեն, որպեսզի կարողանամ լավագույն որակներս ցույց տամ դաշտում»:

Ի վերջո, Արամեն գրավել է մարզիչների ուշադրությունն ու հնարավորություն ստացել շատ պատասխանատու պահին, երբ իր թիմը մնացել էր 10 հոգով «Սան Գաբրիելի» դեմ խաղում: Երիտասարդ հարձակվողը պատմում է, որ փոխարինվելուց հետո գերազանց կերպով կատարել է մարզչի տված բոլոր առաջադրանքներն ու խաղից հետո արժանացել գովասանքի: Այնուհետև, Արամեն 6 խաղում անընդմեջ մեկնարկային կազմում էր, սակայն այս անգամ էլ ոտնաթաթի վնասվածքի պատճառով մեր սանը դուրս է մնացել շարքից 3 շաբաթով:

«Իհարկե, հիասթափություն կար, քանի որ սկսել էի մարզավիճակ հավաքել, բայց այդ ժամանակը օգտագործեցի ու աշխատեցի այլ բաների վրա: Ֆիզիկապես ավելի ամրապնդվեցի»:

Վնասվածքից ապաքինվելուց հետո եզրային հարձակվողը մեկնարկային կազմում էր «Բարսելոնայի» դեմ հասակակիցների դեմ խաղի համար: Արամեն խաղադաշտում անցկացրել է 65 րոպե:

«Բնականաբար, խաղի ղեկը նրանց ձեռքում էր, բայց մենք թիմով արել ենք առավելագույնը: Ես կատարել եմ մարզչի բոլոր առաջադրանքները: Հանդիպումը պարտվել ենք, բայց պատվով ենք խաղացել, պայքարել ենք, դժվար է մրցակցել «Բարսելոնայի» նման թիմի դեմ, որը լավագույնն է համարվում»:

Արամեն, ով բնակվում է ակադեմիայում, պատմում է, որ հատուկ դասընթացներ ունեն, որոնք նվիրված են ֆուտբոլի փիլիսոփայությանը:

«Մենք սովորում ենք, թե ինչ գաղափարներ են ընկած ֆուտբոլի հիմքում: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլը թիմային խաղ է, դու ոչնչի չես կարող հասնել անհատապես, եթե նվիրված չես քո թիմին ու քո ակումբի տարբերանշանին»:

Արամեն Մինասյանը մինչև Իսպանիա տեղափոխությունը «Փյունիկ 07»-ի ավագն էր, որի հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Նա նաև ճանաչվել էր Վրաստանում անցկացված «Դինամո գավաթ» մրցաշարի լավագույն հարձակվող:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին, որ ինձ կրթել է որպես ֆուտբոլիստ ու որպես անհատականություն: Շատ մի կարևոր բան կա, որ սովորել եմ «Փյունիկում», որը չեմ նկատել այստեղ` Իսպանիայում: Իմ տանը` «Փյունիկում, ինձ սովորեցրել են, որ ամեն ինչի հիմքում ընկած է հարգանքը, պետք է հարգել մրցակցին ու թիմակիցներին անկախ ամեն ինչից:

Շատ եմ կարոտում իմ թիմն ու ակումբը: Եթե չլիներ «Փյունիկը» ու ինձ տված հիմքը, գիտելիքները, չէի կարողանա նման հաջողություններ գրանցել: Ես դա երբեք չեմ մոռանա ու միշտ շնորհակալ կլինեմ»:

Մինասյանը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու մինչև 19 տարեկանների Իսպանիայի բարձրագույն առաջնությունում, իսկ նրա ծառայություններով արդեն հետաքրքրվում են իսպանական տարբեր ակումբներ:

 

Վերջին նորություններ