0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր առաջիկա մրցակցին․ «ԲՄԱ-Խաբարովսկ»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նախապատրաստությունը մրցաշրջանի երկրորդ հատվածին ու վաղը ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ։

Մեր մրցակիցը հանդես է գալիս Ռուսաստանի հզորությամբ երկրորդ դիվիզիոնում՝ Առաջին լիգայում և այս պահին ընթանում է 5-րդ տեղով՝ առաջատարին զիջելով ընդամենը 8 միավորով։ Մրցաշրջանի առաջին հատվածում Ռոման Շարոնովի թիմը աչքի է ընկել վառ, հարձակողական ֆուտբոլով: Ահա, թե ինչու է «ԲՄԱ-Խաբարովսկը» գոլերի քանակով առաջին տեղը կիսում առաջնության առաջատար «Բալթիկայի» հետ (38-ական գնդակ)։

Թիմի առաջատարներից առանձնանում է կիսապաշտպան Իլյա Պետրովը, որը «Բանակայինների» կազմում անցկացրել է 19 հանդիպում ՝ խփելով 7 գոլ և հեղինակելով 3 գոլային փոխանցում, ուշադրության է արժանի նաև ռուսական թիմի հարձակվող Թիմուր Ժամալետդինովը, որը 9 խաղում իր հաշվին գրանցել է 3-ական գոլ ու գոլային փոխանցում։

Չնայած նրան, որ «Փյունիկը» նախկինում պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ, այնուամենայնիվ մի քանի փաստ կապում է մեր ակումբները․ «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում հանդես են գալիս «Փյունիկի» միանգամից երկու նախկին ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Մագոմեդ Մուսալովը և դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը: «Բանակայինների» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը։

Հանդիպումը տեղի կմեկնարկի հունվարի 24-ին՝ 18։00-ին։

Մեր թիմին մաղթում ենք արդյունավետ ու հաջող խաղ։

 

Վերջին նորություններ