0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ֆիզիկական պատրաստվածություն «Փյունիկի» ակադեմիայում․ Պատմում է ծրագրային գծով համակարգող Հայկ Ոսկանյանը

Ժամանակակից ֆուտբոլում ֆիզպատրաստությունը չափազանց կարևոր և աշխատատար գործընթաց է, մանկապատանեկան ֆուտբոլում այն ոչ պակաս կենսական է։ Անցած տարվա հոկտեմբերից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում սկսվեց դրա կիրառությունը․ մեր ակումբն այս գործը վստահեց նախկին ֆուտբոլիստ և մարզչական  միջազգային որոշակի փորձ ունեցող Հայկ Ոսկանյանին։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Ոսկանյանն որպես մարզիչ աշխատել է «Ուրարտուի» (նախկին՝ «Բանանց») ակադեմիայում։ Որպես ֆիզպատրաստության մարզիչ՝ նրա առաջին կանգառը եղել է ղազախական «Ատիրաուն», այնուհետև մասնագետը վերադարձել է Հայաստան ու աշխատել «Ալաշկերտ» և Երևանի «Արարատ» ակումբներում։ 

Մեր ակումբին միանալուց մի քանի ամիս անց «Փյունիկի» մամուլի ծառայությունը զրուցել է ֆիզպատրաստության գծով ծրագրերի համակարգող Ոսկանյանի հետ, քննարկել մեր երեխաների ֆիզիկական և հոգեբանական ընդունակությունները և սպասվելիք արդյունքները։

Պարոն Ոսկանյան, կխոսե՞ք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության և  մանկապատանեկան ֆուտբոլում դրա առանձնահատկությունների մասին։

Կարճ ասած՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ֆիզպատրաստության մարզումները թիմին պատրաստում են կոնկրետ խաղի կամ առաջնության, իսկ մանկապատնեկան ֆուտբոլում գլխավոր շեշտը դրվում է երեխային որպես ֆուտբոլիստ ֆիզիկապես ամրապնդելու վրա։

Իսկ բացի ֆիզիկական տվյալներից, արդյո՞ք երեխան ձեռք է բերում այլ հատկություններ։

Անշո՛ւշտ, առաջին հերթին երեխան ձեռք է բերում կարպագահություն, հետո արդեն ձևավորվում են կամային որակներ, քանի որ կան վարժություններ, որոնք պահանջում են մեծ աշխատանք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Այնուամենայնիվ, երեխաների ընկալումը կարող է ամբողջությամբ տարբերվել կախված տարիքից։

Այո՛, իրավացի եք։ Այդ իսկ պատճառով երեխաներին ինտեգրում ենք այս պրոցեսում 13 տարեկանից սկսած մինչև «Փյունիկ Ակադեմիայի» թիմ: Բայց պետք է ասեմ, որ բացառություններ էլ լինում են, օրինակ ՝ 2011 թվականի մի թիմ նույնպես ներառված է այս ծրագրում, բանն այն է, որ առաջնությունում նրանք մրցում են իրենցից տարիքով մեծ թիմերի հետ։

Ծրագրերը կազմելիս արդյո՞ք օգտվել կամ օգտվում եք արտասահմանյան փորձից։

Այո՛, ուսումնասիրել եմ արտասահմանյան տարբեր ծրագրեր, շատերը օգտագործում եմ, բայց ենթարկել եմ որոշակի փոփոխությունների՝ հաշվի առնելով մեր ակադեմիայի երեխաների ֆիզիկական տվյալները, գենետիկան, զարգացվածությունը և շատ այլ գործոններ։

Կմանրամասնե՞ք՝ ինչ գործոնների մասին է խոսքը գնում։

Իհարկե, առաջին տեղում կանգնած են տարիքային և սեռական հասունացումը, քանի որ ամեն երեխայի մոտ կենսաբանական զարգացումը կարող է տարբերվել, մեկի մոտ այն սկսվում է 12 տարեկանում, մյուսի մոտ՝ 14-ում։ Այնուհետև, երկրորդ տեղում է ակումբի երեխաների ընկալումն ու արձագանքը պրոցեսին․ եթե ինչ-որ բան չի ստացվում, սկսում ենք այլ տարբերակներ կիրառել, այնքան մինչև հասնենք մեր նպատակին։

Գործընթացի մեկնարկից մինչև այս պահը անցել է որոշակի ժամանակ, հասցրե՞լ եք արդեն կարծիք ձևավորել։

Այո՛, որոշակի պատկեր արդեն կա։ Հիմա կարող եմ ասել, որ տեխնիկապես մեր պատանի ֆուտբոլիստներից շատերը չեն զիջում արտասահմանյան ակադեմիաներում մարզվող իրենց հասակակիցներին: Սակայն ֆուտբոլում մանրուքներ չկան, ֆիզիկական առումով այսօր ունենք խնդիրներ, իսկ կատարյալ ֆուտբոլիստներ պատրաստելու համար պետք է բալանսավորել տեխնիկական և ֆիզիկական հատկանիշները: Այս ուղղությամբ ձգտելու տեղ ունենք, իսկ երբ ունենանք այդպիսի պատկեր, առնվազն կհավասարվենք թոփ ակադեմիաների մակարդակին:

Իսկ այդ աշխատանքները տանելու համար արդյո՞ք մեր մարզաբազայում կան տեխնիկական բավարար միջոցներ։

Այո՛, այս պահին տեխնիկական մասով խնդիրներ չունենք, միջոցները բավարարում են լիարժեք մարզումներ իրականացնելու համար: Ինչպես նշեցի, պահանջվում է պրոգրեսիվ և երկարատև աշխատանք, առաջիկայում Հայաստան կհասնեն նոր սարքեր, որոնք պատվիրել ենք՝ ըստ մեր առաջիկա ծրագրերի։

Պրոցեսը միգուցե երկարատև է, բայց, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ հետո արդյունքները շոշափելի կլինեն։

Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, երևի թե, 2-3 տարի անց, երբ սկսեն ավելի մեծ տարիքում խաղալ, այդ ժամանակ կարծում եմ՝ արդյունքները տեսանելի կլինեն, իսկ բարձր տարիքայինները ժամանակի ընթացքում պետք է բարելավեն իրենց խաղը ֆիզիկական առումով։

 

Վերջին նորություններ