Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վան-2»-ին։
Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին առաջին կեսում։ Արդեն 26-րդ րոպեին մեր թիմն առջևում էր 2։0 հաշվով՝ շնորհիվ Էդմոնդ Հայրապետյանի և Վալերի Համբարձումյանի գոլերի։ Ի դեպ, դա Էդմոնդի առաջին գոլն էր «Փյունիկ Ակադեմիայի» կազմում։
Սակայն մեր ֆուտբոլիստները փոքր-ինչ կորցրեցին զգոնությունն ու մրցակիցը կարողացավ մինչև ընդմիջման գնալը հավասարեցնել հաշիվը։ 32-րդ րոպեին աչքի ընկավ Հոլման Պինսոնն, իսկ 38-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց Քևին Պերեյրան։
Հանդիպման ավելացված ժամանակում փոխարինման մտած Արտյոմ Ալեքսանյանը կարող էր հաղթանակ պարգևել մեր թիմին, սակայն նրա հարվածից հետո մրցակցի խաղացողը գնդակը դուրս բերեց դատարկ դարպասից։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ հյուրընկալելով «Ուրարտու-2»-ին։