Ներկայացնում ենք մեր առաջիկա մրցակցին. «Խիմկի» ՖԱ

«Փյունիկը» մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական հավաքի ընթացքում իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի ռուսական «Խիմկիի» հետ: 

Ռուսական քաղաքին համանուն ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1997 թվականին։ «Խիմկին» երկու անգամ դուրս է եկել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ (2004/05 և 2019/20): 2006-ին ակումբն առաջին անգամ դուրս է եկել երկրի ուժեղագույն դիվիզիոն, սակայն երեք մրցաշրջան անց լքել է այն։ «Խիմկին» վերադարձել է Ռուսաստանի բարձրագույն լիգա 2020-ին՝ առաջնությունն ավարտելով առաջին ութնյակում։ Վերջին երկու մրցաշրջանում ակումբը շարունակաբար հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։

Թիմը գլխավորում է Սպարտակ Գոգնիևը․ ժամանակի վառ ֆուտբոլիստը, այժմ մարզիչն առանձնանում է իր զգացմունքայնությամբ՝ ձգտելով ցուցադրել դիտարժան խաղ, օգտագործել ոչ ստանդարտ սխեմաներ և ձևավորել սեփական ոճը։

«Փյունիկի» և «Խիմկիի» կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնց կարիերան կապված է երկու թիմի հետ։ Երևանյան թիմի կազմում վարձակալական հիմունքներով խաղում է մերձմոսկովյան ակումբի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, իսկ «Խիմկիին» ձմեռային հավաքի ընթացքում միացել է նիգերիացի կիսապաշտպան Ջոզեֆ Օմա Ադան, որը 2020 թվականին պաշտպանել է «Փյունիկի» գույները:

Տարբեր տարիներին մերձմոսկովյան թիմում ելույթ են ունեցել նաև հայ ֆուտբոլիստներ.  2015/16 մրցաշրջանին Միխայիլ Մարկոսովը «Խիմկիի» կազմում դարձել է 13 գոլի հեղինակ, կենտրոնական հարձակվող Ռոբերտ Զեբելյանը (2008/09) «Խիմկիի» ամենաթանկարժեք նորեկների թոփ 20-ում է (16-րդ տեղ), իսկ ձախ կիսապաշտպան Բարսեղ Կիրակոսյանը (2009/10) ակումբի վաճառքների ցանկում զբաղեցնում է ռեկորդային 15-րդ հորիզոնականը։ 2018-ին ռուսական թիմի շարքերն է համալրել նաև Արշակ Կորյանը, որը 83 խաղում աչքի է ընկել 15 գոլով ու 13 գոլային փոխանցմամբ։

Ներկայիս կազմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ռեզիուան Միրզովն է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,2 մլն․ եվրո՝ ըստ Transfermarkt-ի։

Այնուամենայնիվ, «Խիմկիի» գլխավոր հայ աստղը Ռոման Բերեզովսկին է, որը «կարմիր-սևերի» կազմում անցկացրել է 175 հանդիպում: «Խիմկիի» նախկին ավագը ընդգրկվել է նաև «Լև Յաշինի ակումբում»՝ ռուսական ակումբում անցկացրած ավելի քան 100 «չոր» հանդիպմամբ: Նախկինում, Ռոման Բերեզովսկին գլխավորել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին ու կմեկնարկի 18:00-ին։

 

Վերջին նորություններ