
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը մեր ակումբի հետ երկարաձգվել է մեկ տարով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մեզ հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևենք»-ասաց Հարությունյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:
Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում: 23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը մեր ակումբի գույներով: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում:
Շնորհավորում ենք մեր կիսապաշտպանին նոր պայմանագրի կապակցությամբ ու մաղթում նոր բարձունքներ մեր թիմի հետ միասին: