
Հերթական ընկերական խաղում «Փյունիկը» կհանդիպի ղազախական «Մակտարալի» հետ: 2013-ին ակումբը ստացել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ և թույլտվություն ստացել մասնակցել Առաջին լիգային՝ երկրի հզորությամբ երկրորդ լիգային։ 2022 թվականին թիմը իր նորամուտն է նշել Ղազախստանի Պրեմիեր լիգայում և մրցաշրջանի արդյունքներով պահպանել տեղը` հաջողությամբ անցկացնելով առաջնության եզրափակիչ հատվածը և նախավերջին տուրում հաղթելով «Թուրքեստանի հարավային դերբին» («Թուրանի» հետ խաղը)։
«Մակտարալը» ուժեղագույն դիվիզիոնի միակ ակումբն է, որը ներկայացնում է ոչ թե մարզ, այլ շրջան։ Ղազախստանում այդ շրջանը բամբակի մշակման և արտահանման խոշորագույն կետերից մեկն է։ Իսկ անունն ինքնին յուրահատուկ է ու թարգմանվում է որպես «բամբակյա կղզի», ակումբն նաև հայտնի է «բամբակագործներ» մականունով։
Թիմը գլխավորում է Կոնստանտին Գորովենկոն` Ղազախստանի ամենահեռանկարային մասնագետներից մեկը։ 2018 թվականին նա ընդգրկվել է Առաջին լիգայի լավագույն մարզիչների եռյակում, իսկ 2020-ին արդեն իր նորամուտն է նշել ուժեղագույնների պայքարում և Կարագանդայի «Շախտյորին» առաջնորդել դեպի եվրագավաթներ։ Հենց Գորովենկոյի աշխատանքի հետ է կապված «Մակտաարալի» մուտքը և ամրապնդումը ղազախական Պրեմիեր լիգայում։
2022 թվականի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն կենտրոնական հարձակվող Ռամազան Քարիմովն է, որը առաջնությունում իր անվան դիմաց գրանցել է 7 գոլ, իսկ Ղազախստանի գավաթում` 4 գնդակ։ Այս պահին նա թիմի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողն է (350,000 եվրո՝ ըստ Transfermarkt-ի):
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ին ու կմեկնարկի 13:00-ին:
Մեր թիմին մաղթում ենք արդյունավետ ու հաջող խաղ: