
«Փյունիկը» ուսումնամարզական հավաքի ընթացքում վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի ռուսական «Օրենբուրգի» հետ: Այս ակումբը հիմնադրվել է «Գազովիկ» անվանումով 1976-ին` տեղական «Լոկոմոտիվի» բազայի հիման վրա, որը ներկայացնում էր Օրենբուրգը ԽՍՀՄ երկրորդ լիգայում։ Նրանց նշանակալի նվաճումների շարքը սկսվել է 21-րդ դարում. 2000-ականներին օրենբուրգցիները բազմիցս հավակնել են դուրս գալ երկրի 2-րդ կարևորագույն դիվիզիոն, արդեն 2011-ին նրանց դա հաջողվել է։ 2014/15 մրցաշրջանում թիմը գրավել է 5-րդ տեղն առաջնությունում, հասել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ միայն 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին», որն էլ հետագայում պետք է հաղթեր այդ մրցաշարում։ 2016 թվականին ակումբն առաջին անգամ դարձել է Պրեմիեր լիգայի անդամ և որպես ամբողջ տարածաշրջանի ներկայացուցիչ անվանափոխվել «Օրենբուրգ»։
Այս օրերին «Օրենբուրգը» եզրափակում է բարձրագույն դիվիզիոնի ութնյակը։ Թիմի գլխավոր մարզիչն է Մարսել Լիչկան։ Ընթացիկ մրցաշրջանում թիմն ակնկալվող միավորներով և հարձակողական հիմնական ցուցանիշներով լավագույն վեցնյակում է։ Գոլային պահերով նրանք 4-րդն են, իսկ հակառակորդի դարպասի մոտ անցկացրած ժամանակով զիջում են միայն առաջնության առաջատար «Զենիթին»:
Վլադիմիր Պիսարսկին հենց «Օրենբուրգում» է բացահայտում դարձել ֆուտբոլային հանրության համար։ Ֆուտբոլիստը «Օրենբուրգ» է տեղափոխվել 2022-ին` 3-րդ դիվիզիոնից: Նա ՌՊԼ-ի 15 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ, ինչպես նաև նորամուտը նշել ազգային հավաքականում։ Սակայն հարձակվողը գրավել է բոլորի ուշադրությունը ոչ միայն իր արդունավետությամբ, այլև արտասովոր գոլերի տոնումներով և ոչ պակաս վառ հարցազրույցներով։ Հարձակվողը 2023-ին տեղափոխվել է ՌՊԼ-ի մեկ այլ ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Օրենբուրգին» է միացել մի քանի արգենտինացի. նրանցից երեքը՝ Գաբրիել Ֆլորենտինը, Լուկաս Վերան և Մատիաս Պերեսը ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են։
Իսկ եզրային հարձակվող Բրայան Մանսիլյան, որը վարձակալական հիմունքներով ռուսական թիմին է միացել «Ռասինգից», ներկայացրել է Արգենտինան Հարավային Ամերիկայի 2017 թվականի երիտասարդական առաջնությունում, ընդ որում` նա մեկում թիմում է եղել աշխարհի 5 ապագա չեմպիոնների հետ (Լաուտարո Մարտինես, Լիսանդրո Մարտինես, Քրիստիան Ռոմերո, Նաուել Մոլինա և Խուան Ֆոյտ):
«Օրենբուրգում» է հանդես գալիս հայազգի ֆուտբոլիստ Ստեփան Հովհաննիսյանը։ 21/22 մրցաշրջանում օրենբուրգցիների կազմում խաղացել է մեկ այլ հայ ֆուտբոլիստ Արշակ Կորյանը, որը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում։
«Փյունիկ»-«Օրենբուրգ» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին` երեկոյան, նույն օրը առավոտյան մեր թիմը ուժերը կչափի նաև ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:
Մեր թիմին մաղթում ենք հաջող ու արդյունավետ խաղ: