Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2024 թվականի մայիսի 31-ը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը:
Մեր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հայ մասնագետն աշխատում է 2021 թվականի հունվարից: Մեր թիմին Եղիշե Մելիքյանն առաջնորդել է հոբելյանական՝ 15-րդ չեմպիոնության Հայաստանի Պրեմիեր լիգայում և արժանացել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: 2022 թվականին «Փյունիկը» Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ հաջողություններ գրանցեց՝ հաղթահարելով Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը ու գրանցելով հայկական թիմերի շրջանում առաջին հաղթանակը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում, որտեղ մեր թիմը նաև շատ մոտ էր փլեյ-օֆֆ դուրս գալուն։ Փորձառու մասնագետը «Փյունիկի» ղեկին, ընդհանուր առմամբ, անցկացրել է 90 հանդիպում, հաղթել 51 խաղում, 16 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 23 պարտություն։
«Հարգելի երկրպագուներ, նախագահի հետ քննարկումներից հետո որոշեցինք շարունակել մեր աշխատանքը «Փյունիկում»։ Վստահ եմ, որ միասնականությամբ ու նույն տրամադրվածությամբ մենք շարունակելու ենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքը ու պայքարը դեպի նոր հաղթանակներ»,-շեշտեց Մելիքյանը։
Մեր գլխավոր մարզչին և ամբողջ մարզչական շտաբին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք և նորանոր հաղթանակներ: