0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» 4 ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» երկարաձգել է դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի, պաշտպաններ Անտոն Բրատկովի, Սերգեյ Վակուլենկոյի և Միխայիլ Կովալենկոյի հետ պայմանագրերը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: 

Մեր պաշտպանությունը հատկապես տպավորիչ է ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածում` 13 խաղում 5 բաց թողած գնդակ: 

«Ժամանակն ու նրանց կատարած աշխատանքը ցույց տվեցին, որ կարևոր ֆուտբոլիստներ են մեզ համար։ Նրանք ապացուցեցին, որ համապատասխանում են «Փյունիկի» մակարդակին, այդ պատճառով որոշում ընդունվեց երկարաձգել պայմանագրերը։ Մենք երբեք չենք ցանկանա հրաժարվել այն ֆուտբոլիստներից, որոնց հետ ճանապարհ ենք անցել ու որոնք օգուտ են տվել թիմին։ Հիմա նրանց հետ միասին շարժվում ենք առաջ՝ դեպի նոր նպատակներ»,-շեշտեց թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Ստանիսլավ Բուչնևը «Փյունիկին» միացել է 2020 թվականի ամռանը` ռուսական «Ֆակելից»: Նախորդ մրցաշրջանում Ստանիսլավը օգնել է մեր թիմին դառնալ Հայաստանի չեմպիոն: Դարպասապահը մեր ակումբում հանդես գալու ժամանակ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, հրավիրվել ազգային հավաքական ու իր նորամուտը նշել 2021-ի նոյեմբերին` աշխարհի 2022թ. առաջնության որակավորման փուլի Գերմանիայի հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, «Փյունիկի» կազմում նա անցկացրել է 66 հանդիպում, որից 29-ում անառիկ է պահել դարպասը։

Անտոն Բրատկովը մեր ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ձմռանը՝ ուկրանիական «Մետալիստից»։ 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը: Ընդհանուր առմամբ, ուկրանիացի ֆուտբոլիստը մեր թիմի կազմում անցկացրել է 67 հանդիպում:

Սերգեյ Վակուլենկոն «Փյունիկ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը` «Արարատ-Արմենիայից»: Ուկրաինացին «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 հանդիպում: 

Միխայիլ Կովալենկոն նախորդ ամառ է համալրել մեր թիմը` ռուսական «Դոլգոպրուդնիից»: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել է մասնակցել 38 հանդիպման ու դառնալ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Շնորհավորում ենք ֆուտբոլիստներին նոր պայմանագրերի կապակցությամբ ու մաղթում նշանակալի հաղթանակներ թիմի հետ միասին։

Վերջին նորություններ