0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Առողջ սաներ․ «Փյունիկ ՖԱ»-ն սկսում է համագործակցել քիթ-կոկորդ-ականջաբանի հետ

«Փյունիկ ՖԱ»-ն հաշվի առնելով երիտասարդ ֆուտբոլիստների առողջական վիճակի կարևորությունը՝ որոշել է սկսել համագործակցություն Հայաստանի լավագույն քիթ-կոկորդ-ականջաբաններից մեկի հետ:

«Երեխաների մեծ մասն ունեն շնչառական խնդիրներ։ Ապագայում դա կարող է խանգարել նրանց աշխատանքին և պատճառ դառնալ շուտ հոգնածության, թթվածնի քաղցի և, ի վերջո, կարող է հանգեցնել մարզումների ու խաղերի ընթացքում տարբեր խնդիրների»,-ասաց «Փյունիկի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։ 

«Փյունիկ ՖԱ»-ն այս ամիս սկսեց համագործակցել քիթ-կոկորդ-ականջաբան Հայկ Հովհաննիսյանի հետ, որը ներկայացնում է թիվ 2 Բուժմիավորումը։ Հովհաննիսյանը մեր ակումբի բժշկական անձնակազմի հետ միասին առաջիկա ամիսների ընթացքում զննումներ է իրականացնելու մեր ակադեմիայի 10-ից մինչև 15 տարեկան ֆուտբոլիստների շրջանում։


 Ըստ բժիշկ Հովհաննիսյանի` դժվարաշնչության հետ կապված խնդիրները բացասական են ազդում մարզումների վրա: Ֆուտբոլով զբաղվող այս տարիքի երեխաների մոտ ծանր մարզումների հետևանքով հանդիպում են հաճախակի քթային արյունահոսություն, կցվածքի խանգարումներ ու սեզոնային ալերգիաներ։

Բժիշկ Հովհաննիսյանը համոզված է, որ ակումբի բժշկական անձնակազմի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ վաղ փուլում կարելի է միջոցներ ձեռնարկել և  լուծումներ գտնել տարբեր խնդիրների վերաբերյալ։

Խնդիրներ ունեցող երեխաները ախտորշումից հետո լինելու են ակումբի բժիշկների մշտադիտարկման տակ, անհրաժեշտության դեպքում լինելու է նաև դեղորայքային բուժում, իսկ հետագայում հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, ակումբը նաև կկազմակերմի երեխայի վիրահատությունը։ 

«Մենք՝ բժիշկներս, գիշերային հերթափոխերի ժամանակ սիրում ենք ֆուտբոլ դիտել, իսկ հաղթանակներից հետո զգում ենք ավելի մեծ դրական էներգիա ու ուզում ենք, որ մեր սպորտը ավելի մեծ բարձունքների հասնի։ Այդ իսկ պատճառով ջանք չենք խնայելու և փորձելու ենք մեր ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Վերջին նորություններ