Փյունիկ ՖԱ»-ի հրավերով՝ ակումբի մարզադպրոցում օրերս հյուրընկալվել էին Իտալիայում հեղինակություն վայելող մարզիչներ՝ Օրեստե Չինկվինին, Ստեֆանո Գուիդոնին, Լորենցո դի Լորիոն և Կլաուդիո Գաուդինոն:
Եռօրյա այցի ընթացքում իտալացի մարզիչները ծանոթացել են մեր ակումբի տեխնիկական հնարավորություններին, հետևել տարբեր տարիքային թիմերի մարզումներին, շփվել, քննարկումներ ունեցել ակումբի ղեկավարության ու մարզիչների հետ:
«Իհարկե 3 օրը շատ քիչ ժամանակ է ամեն ինչի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար։ Այստեղ՝ «Փյունիկում», ես տեսա մեծ ցանկություն ու կենտրոնացում։ Մենք գիտակցեցինք, որ իսկապես լուրջ վայրում ենք գտնվում և մեր ցանկությունը վերահաստատվեց այս ակումբին օգնելու հարցում»,-մեզ հետ զրույցում նշեց Կլաուդիո Գաուդինոն։
Կլաուդիո Գաուդինոն Իտալիայի ազգային հավաքականի հետ հաղթել է աշխարհի 2006թ․ առաջնությունում՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։ Բացի դրանից, փորձառու մասնագետը 19 տարի աշխատել է Միլանի «Ինտերի» համակարգում, 10 տարի՝ Թուրինի «Յուվենտուսի»:
Իտալացի մարզիչները պնդում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ֆուտբոլի զարգացման սեփական մոդելը, որի հիմքում ընկած կլինեն տվյալ երկրի ավանդույթները ու ազգային առանձնահատկությունները։
«Պետք է մեր ունեցած միջազգային փորձը համադրել հայկական սովորությունների հետ ու ստանալ նոր ծրագիր, որը կարված կլինի հենց «Փյունիկ» ակադեմիայի համար։ Ես նախնական տարբերակն արդեն ներկայացրել եմ ակումբի նախագահին, ու մենք փոխանակվել ենք մտքերով»,- նշեց Օրեստե Չինկվինին։
Օրեստե Չինկվինին նույնպես տպավորիչ կարիերա է ունեցել․ մարզչական գործունեության ընթացքում որպես մարզչի օգնական աշխատել է մի շարք ճանաչված իտալական ակումբներում, ինչպես օրինակ, Հռոմի «Լացիոն», «Ֆիորենտինան» և «Ուդինեզեն»: Չինկվինին եղել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ ՖԱ»-ի սպորտային տնօրենը և 2012-ից 2015 ընդգրկված եղել Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում։
Եզրափակիչ օրը իտալացիները ակումբի մարզաբազայում ամփոփիչ հանդիպում ունեցան ակադեմիայի մարզիչների հետ՝ առանձնացնելով «Փյունիկում» աշխատող մասնագետների բարձր որակավորումը, հատկապես տեխնիկական տեսանկյունից։ Մարզիչները նաև կիսվեցին փորձով՝ ինչպես լավագույնս կազմակերպել մարզումային գործընթացը ու կարճ ժամանակում առավելագույնը քաղել երեխաներից։