0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Բանանց» 1-1 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Բանանցին»:

Հանդիպումը երկու կողմերի համար էլ չափազանց կարևոր նշանակություն ուներ: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կմեծացներ միավորների տարբերությունը մոտակա հետապնդողներից և էլ ավելի կմոտենար չեմպիոնական բարձունքին:

Նախորդ հանդիպման համեմատ մեր թիմի մեկնարկային կազմում հայտնվել էին՝ Արմեն Մանուչարյանն ու Ուսման Մոհամեդը, ովքեր բաց էին թողել նախորդ հանդիպումը: Ընդ որում, Ալեքսանդր Տարխանովը ասպարեզ էր դուրս բերել նույն կազմը, որն օրեր առաջ այս նույն մարզադաշտում՝ 4-1 հաշվով գերազանց հաղթանակ էր տարել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:

Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Արթուր Միրանյանը հիանալի պահ ուներ առաջ մղելու «Փյունիկին», երբ Սերգեյ Շևչուկի ճշգրիտ փոխանցումից հետո մոտ տարածությունից չկարողացավ գլխով դիպուկ հարված կատարել:

19-րդ րոպեին «Բանանցը» ստացավ տուգանային հարվածի իրավունք և Իլյա Դամաշկանը գնդակն ուղարկեց մեր թիմի տուգանային հրապարակ ու Արամ Բարեղամյանին մի ակնթարթ չբավականեցրեց գնդակին հարվածելու համար:

20-րդ րոպեին Դենիս Տալալայը «Բանանցի» տուգանայինի մատույցներից փորձեց փափուկ փոխանցումով գնդակը հասցեագրել Սերգեյ Շևչուկին, սակայն մրցակցի պաշտպանը կարողացավ առաջինը հասնել գնդակին և այն դուրս բերեց անկյունային:

22-րդ րոպեին Իլյա Դամաշկանի աջ թևից կատարած լայնակի փոխանցումից հետո, բարեբախտաբար, մեր թիմի տուգանային հրապարակում հայտնված «Բանանցի» երկու ֆուտբոլիստներ չհասան գնդակին:

«Փյունիկի» կազմում հեռահար հարվածներով երկու անգամ «Բանանցի» դարպասին սպառնացին Էրիկ Վարդանյանն ու Արթուր Միրանյանը, սակայն երկու դեպքում էլ գնդակը բարձր ընթացավ:

36-րդ րոպեին Հակոբ Հակոբյանն աջ թևից առաջ շարժվեց և մոտենալով մեր թիմի դարպասի մոտ փորձեց գրավել հեռավոր անկյունը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ընթացավ:

Առաջին կեսը սակավաթիվ էր գոլային պահերով և երկու թիմերի դարպասապահները այդպես էլ լրջորեն խաղի մեջ չմտան:

Ընդմիջումից հետո պատկերը կտրուկ փոխվեց և հենց երկրորդ կեսի մեկնարկում մեր թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Քրիստի Մարկուի հեռահար փոխանցումից հետո Ռոբերտ Դարբինյանը անհաջող հպվեց գնդակին և այն հայտնվեց Արթուր Միրանյանի մոտ, ով շրջանցելով իրեն ընդառաջ դուրս եկած Արամ Հայրապետյանին, հանգիստ գրավեց դարպասը՝ 1-0: 

Խփած գոլից հետո մեր թիմը լավ հնարավորություն ուներ նաև կրկնապատկելու հաշիվը, սակայն Ուսմանի իրացրած տուգանային հարվածը բարձր ընթացավ:

Թվում էր՝ հանդիպման ընթացքը լավ է դասավորվում «Փյունիկի» համար, սակայն 55-րդ րոպեին «Բանանցին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Կարեն Մելքոնյանը մեր թիմի տուգանայինի մատույցներում վարպետորեն շրջանցեց նախ Քրիստի Մարկուին, ապա Մաքսիմ Ժեստոկովին ու անկասելի հարվածով հաշիվը դարձրեց՝ 1-1: 

Բայցևայնպես, բաց թողած գոլից անմիջապես հետո «Փյունիկն» այս խաղում կրկին կարող էր հաղթողի դերում լինել, երբ Արմեն Մանուչարյանի փոխանցմանն առաջինը արձագանքեց Էրիկ Վարդանյանը և մոտ տարածությունից նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակը չնչին շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից:   

Պետք է նշել, որ այս անգամ մեր թիմի մոտ չէին ստացվում ստանդարտ դիրքի խաղարկումները, որոնք նախորդ հանդիպումներում մեր թիմի հաղթաթուղթն էին դարձել:

80-րդ րոպեին արդեն «Բանանցը» կարող էր հաշվի մեջ առաջ անցնել, երբ Իգոր Ստանոևիչը ձախ թևից մոտենալով մեր թիմի տուգանային հրապարակին հարվածեց դեպի հեռավոր անկյունը և գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից:

Խաղավարտից 5 րոպե առաջ «Փյունիկը» ստացավ քանակական առավելություն, երբ երկրորդ զգուշացման համար դաշտից հեռացվեց Ռոբերտ Դարբինյանը:

Սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշիվն այդպես էլ անփոփոխ մնաց և արձանագրվեց ոչ-ոքի՝ 1-1:

Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակեց 56 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Վերջին նորություններ