Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղում մեր թիմի նորեկներից Սեմ Հենդրիկսը փոխարինման մտավ 60-րդ րոպեին ու մի քանի րոպե անց նրա արդյունավետ գործողության արդյունքում Արտակ Դաշյանը եռապատկեց մեր առավելությունը:
Հանդիպման ավարտից հետո նիդերլանդցի հարձակվողը խոսել է իր ադապտցիայի, առաջնության մակարդակի ու «Փյունիկի» հետ իր նպատակների մասին:
«Կարծում եմ՝ իմ և թիմի համար սա կարևոր հաղթանակ էր։ Մենք գիտենք՝ Ալաշկերտը լավ թիմ է, որը պայքարում է բարձր հորիզոնականների համար։ Մենք գիտակցում էինք, որ պետք է կենտրոնացված լինենք այս խաղում հաղթելու համար։ Նույնիսկ 0։1 հաշվով պարտվելիս պահեցինք կենտրոնացումը ու փոխեցինք խաղի ընթացքը։ Այնպես որ, շատ ուրախ ենք։
Ես նորեկ եմ, իհարկե, ժամանակ է պետք ընտելանալու համար։ Ինձ համար շատ ուրախալի է, որ փոխարինման մտնելուց հետո կարևոր դերակատարում ունեցա թիմի համար ու կարողացանք հաղթանակի հասնել։
Կարծում եմ՝ առաջնության մակարդակը լավն է։ Իհարկե, տարբերություն կա բարձր ու ցածր տեղերում տեղակայված թիմերի հետ, ցածր տեղերի թիմերը շատ են պաշտպանվում, այդպես տարբեր տեսակի խաղեր ես անցկացնում, օրինակ մեր ու «Ալաշկերտի» նման թիմերը համալրված են որակյալ խաղացողներով, և այսօր բարեբախտաբար մենք հաղթեցինք և ավելի լավն էինք։
Ակնհայտ է, որ ցանկանում ենք այս տարի դառնալ չեմպիոն և պայքարելու ենք դրա համար։ Անհատապես ցանկանում եմ վայելել այս ընթացքը, օգնել թիմին, խփել գոլեր, գոլային փոխանցումներ կատարել, մասնակցել որքան հնարավոր է շատ խաղերի ու արդյունքում՝ հույս ունեմ չեմպիոն կդառնանք»: