«Փյունիկ» - «Արարատ» խաղին ընդառաջ

26 մայիս, 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 35-րդ տուր

1-ին շրջան (Տուր 8). 16.09.2018 «Արարատ» - «Փյունիկ» 1-3 Գոլեր՝ Պետրոս Ավետիսյան, 7 (0-1), Մաքսիմ Տրուսևիչ, 34 (0-2), Դմիտրի Մալյակա, 38, 11մ (1-2), Դենիս Վոյնով, 51 (1-3)

2-րդ շրջան (Տուր 17). 25.11.2018 «Փյունիկ» - «Արարատ» 0-1 Գոլ՝ Անդրանիկ Քոչարյան, 82 (0-1)

3-րդ շրջան (Տուր 26). 11.04.2019 «Արարատ» - «Փյունիկ» 1-2 Գոլեր՝ Արտյոմ Սիմոնյան, 77, 11մ (1-0), Ուսման Մուհամեդ, 83 (1-1), Էրիկ Վարդանյան, 88 (1-2)

Նախորդ տուրում «Փյունիկը» թանկարժեք միավորներ կորցրեց Վանաձորում՝ դառնալով մրցավարության «զոհը», որը կարող է մեր թիմին զրկել չեմպիոնությունից: Չնշանակված բացահայտ 11 մետրանոցը և չարձանագրված մեր թիմի խփած գոլը, կասկածի տակ դրեցին առաջնությունում «Փյունիկի» հաղթող դառնալու իրական շանսերը: Այնինչ հաղթանակը թույլ էր տալիս «Փյունիկին» առաջնության վերջին խաղում հաղթելու դեպքում ժամկետից շուտ հռչակվել չեմպիոն:

Եթե մինչ նախորդ տուրը չեմպիոնության հարցը կախված էր «Փյունիկից», ապա այս պահին մեր թիմը ոչ իր մեղքով արդեն հայտնվել է հետապնդողի դերում: «Փյունիկն» իր ակտիվում ունի 57 միավոր և մեկ միավոր է զիջում 1-ին հորիզոնական բարձրացած «Արարատ-Արմենիային»:

Այդուհանդերձ, մեր թիմն արդեն 8 խաղ անընդմեջ շարունակում է անպարտելի մնալ՝ տանելով 6 հաղթանակ և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Բացի այդ, «Փյունիկը» 12 խաղ անընդմեջ գրավել է մրցակիցների դարպասը, որը վերջին 9 մրցաշրջաններում մեր թիմի լավագույն արդյունքն է:

Արդեն առաջիկա տուրում «Փյունիկը» կանցկացնի իր վերջին հանդիպումը ընթացիկ առաջնությունում՝ Բարձրագույն խմբի թիմերից ամենից շուտն ավարտելով իր մրցելույթները: Մեր թիմը սեփական հարկի ընդունելու է աղյուսակը եզրափակող «Արարատին», որի դեմ առայժմ կայացած 3 խաղերից 2-ում հաղթանակ է տոնել և մեկ պարտություն կրել:    

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» և «Արարատի» միջև առաջին հանդիպումը կայացավ նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն խմբի 8-րդ տուրում, որտեղ մեր թիմը «Նաիրի» մարզադաշտում կարողացավ հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել «Արարատին»: «Փյունիկի» կազմում այդ խաղում խփած գոլերով աչքի ընկան Պետրոս Ավետիսյանը, Մաքսիմ Տրուսևիչը և Դենիս Վոյնովը:

Թիմերի միջև հաջորդ խաղը տեղի ունեցավ առաջնության 17-րդ տուրում, որտեղ մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմից և դա այդ տուրում գրանցված ամենամեծ անակնկալն էր:

Իսկ «Արարատի» դեմ վերջին խաղը «Փյունիկն» անցկացրել է ապրիլի 11-ին, Բարձրագույն խմբի 26-րդ տուրի շրջանակներում: Այդ խաղում մեր թիմը զիջում էր հաշվի մեջ, սակայն բեկումնային եղավ Էրիկ Վարդանյանի փոխարինման դուրս գալը, ով 5 րոպեի ընթացքում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ ու մեծապես նպաստեց «Փյունիկի» 2-1 հաշվով տարած հաղթանակին: Հենց այդ հանդիպումից սկսած՝ մեր թիմը մինչ օրս անպարտելի է:

Նշենք, որ «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կայանալու է վաղը՝ մայիսի 26-ին, «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 17:00-ին: Խաղը սպասարկելու է իսպանացի հայտնի մրցավար Անտոնիո Մատեու Լաոսը:

Ավելացնենք, որ «Արարատի» դեմ խաղը 4-րդ զգուշացման պատճառով բաց կթողնի Ռումյան Հովսեփյանը, ինչպես նաև Քրիստի Մարկուն, ով ավելի վաղ որակազրկվել էր 2-խաղով և պետք է բաց թողներ առաջնությունում մեր թիմի վերջին հանդիպումները:

Վերջին նորություններ