0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Տարվա ամփոփում. Ռեկորդային թվեր, հոբելյանական խաղեր և անձնական ռեկորդներ

«Փյունիկը» տարվա ընթացքում գրանցեց կարևոր և նշանակալից ցուցանիշներ: Մեր թիմը նախորդ մրցաշրջանում իսկական պայքար առաջարկեց ապագա չեմպիոն «Ուրարտուին», որին առաջնության առաջին հատվածում զիջում էր 13 միավորով: Ամռանը մեզ հաջողվեց հասնել մինչև ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլ և զուգահեռ պայքարել ներքին առաջնության նոր մրցաշրջանում: 

Աշնանային հատվածից հետո մեր թիմը լավագույնն է ներքին առաջնությունում: Ընթացիկ մրցաշրջանի, օրացույցային տարվա և մյուս գրանցված ռեկորդային ցուցանիշներին 2023 թվականի ընթացքում ծանոթացեք ստորև:

Եղիշե Մելիքյանի թիմն անկասելի է

«Փյունիկը» գերազանց հանդես եկավ IDBank Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր թիմը անցկացրեց 20 հանդիպում՝ վաստակեց 48 միավոր (14 հաղթանակ, 6 ոչ-ոքի) և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 «Փյունիկը» մինչև ձմեռային դադարը գրանցեց տպավորիչ գոլային տարբերություն՝ 51-14: Մեզ ամենամոտը տեղակայված են «Նոան» և «Արարատ-Արմենիան» են, որոնք մեր թիմին զիջում են 6-ական միավորով:

«Փյունիկը» միակ անպարտելի թիմն է ընթացիկ մրցաշրջանում

Հայաստանի բազմակի չեմպիոնը առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմն է՝ 51 խփած գոլով, միջինը մեկ խաղում՝ 2,55 գոլ: Ինչպես նաև ամենահուսալի պաշտպանությունն ունի՝ 14 բաց թողած գնդակով, միջինը մեկ խաղում՝ 0,7 գոլ։

Լավագույն ցուցանիշը վերջին 17 տարվա ընթացքում

Եղիշե Մելիքյանի օրոք ընթացիկ առաջնության գրանցած արդյունքները լավագույնն են թիմի պատմության մեջ վերջին 17 տարիներին։ «Փյունիկը» ավելի հաջող առաջնության մեկնարկ գրանցել է 2006 թվականին՝ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ: 20 հանդիպումներում մեր թիմը այդ ժամանակ վաստակել էր 51 միավոր (16 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 57-15)։ 

Երբ հյուր է գնում «Փյունիկը»

Ընթացիկ մրցաշրջանում մեր թիմը բոլորից հաջող հանդես եկավ արտագնա խաղերում՝ 10 խաղից հետո մեր թիմը վաստակել էր 24 միավոր, տոնելով 7 հաղթանակ և գրանցելով 3 ոչ-ոքի:
Առանց չոր խաղերի

Անցկացրած բոլոր 20 հանդիպումներում էլ մեր տղաները գրավել են մրցակիցների դարպասները, իսկ սեփականն անառիկ պահել՝ 8 անգամ:

Հարությունյանն անցակցնում է իր ամենաարդյունավետ մրցաշրջանը

«Փյունիկում» առաջնության աշնանային հատվածում ամենաարդյունավետը 10-ական գոլի հեղինակ դարձած Հովհաննես Հարությունյանն ու Յուսուֆ Օտուբանջոն են։ 
Հարությունյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց։ Մինչև այդ մեր ֆուտբոլիստը առավել արդյունավետ էր գործել նախորդ մրցաշրջանում խփելով 5 գոլ։ Ներքին առաջնություններում Հարությունյանի անվան դիմաց արդեն 22 գոլ կա:

Հոբելյանական գարուն և աշուն

Ապրիլի 23-ին «Արարատի» հետ հանդիպումը դարձավ ռեկորդային 800-րդը մեր թիմի համար երկրի գլխավոր առաջնությունում: Եղիշե Մելիքյանի տղաներն այս իրադարձությունը նշանավորեցին 2:0 վստահ հաղթանակով: 

Աշնանը մեր թիմը գրանցեց միանգամից երկու ցուցանիշ, որոնք ռեկորդային են հայկական ֆուտբոլում։ «Փյունիկի»՝ Սեպտեմբերի 29-ին «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակը 3:1 հաշվով 500-րդն էր ներքին առաջնություններում։ 

Իսկ 5 օր անց «Արարատի» դարպասը Միխայիլ Կովալենկոյի խփած գոլը 1800-րդն էր Հայաստանի առաջնություններում։ 

Նիգերիացու հրաշալի ցուցանիշը

Յուսուֆ Օտուբանջոն «Վանի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ (6:0) հայկական ակումբներում պաշտոնական խաղերում հասավ 60 գոլի շեմին:

Բանակայինների դեմ խաղերը դարձան հոբելյանական

Էդգար Մալաքյանի համար Սեպտեմբերի 16-ին ԲԿՄԱ-ի հետ անցկացրած մրցավեճը 250-րդն էր ներքին առաջնություններում: Արդեն ԲԿՄԱ-ի հետ նոյեմբերի 6-ին կայացած խաղում Մալաքյանը իր կարիերայում պաշտոնական խաղերում դաշտ դուրս եկավ 450-րդ անգամ:

100 և ավել խաղի շեմ

Հոկտեմբերի 4-ին «Արարատի» հետ կայացած խաղը 200-րդն էր Արման Հովհաննիսյանի համար։ Հայաստանի առաջնություններում 100-րդ խաղի հոբելյանները նշեցին Ջեյմս Սանտոսը, Յուսուֆ Օտուբանջոն ու Խուան Բրավոն։

Բրատկովը ուկրաինական գահին է

Անտոն Բրատկովը դարձավ Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումների (74) մասնակցած ուկրաինացի ֆուտբոլիստը: 

«Փյունիկի» պաշտպանը գերազանցեց ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Չերևկոյի ցուցանիշը, որն «Ուրարտուի» և «Իմպուլսի» կազմերում, ընդհանուր առմամբ, 66 խաղ էր անցկացրել:

Ստանիսլավ Բուչնևը գերազանցեց Օգնյեն Չանչարևիչի տարիքային ռեկորդը

 33-ամյա դարպասապահը 596 րոպե շարունակ (7 խաղ) անառիկ է պահել սեփական դարպասը: Ստասից առաջ լավագույնի ցուցանիշը այդ տարիքում պատկանում էր «Ալաշկերտի» դարպասապահին՝ 449 րոպե:

Մոտ ռեկորդային ցուցանիշին

Ռուս դարպասապահը 7 խաղ անընդմեջ՝ 596 րոպե շարունակ մրցակիցներին չի հաջողվել գրավել Բուչնևի պաշտպանած դարպասը։ Նրան ընդամենը 5 րոպե չբավականացրեց գերազանցելու մեր նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ռեկորդային ցուցանիշը, որը 600 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել։

Անհասանելի Դաշյանը

Ընթացիկ մրցաշրջանում առավել շատ խաղաժամանակ է ստացել Արտակ Դաշյանը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել միայն «Արարատի» հետ կայացած վերջին հանդիպումը։ Դաշյանից հետո ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստներն են Ջունինյոն, Բրատկովը և Դավիդ Դավիդյանը, նրանք անցկացրել են 18-ական խաղ:

Վերջին նորություններ