«Փյունիկի» ակադեմիայի թիմերը անցնող 2023 թվականը ճանապարհում են նոր գիտելիքներով, մեծ փորձով և նշանակալի մեդալներով: Մեր մամուլի ծառայության խոշորացույցի տակ է այս տարում տեղի ունեցած բոլոր նշանակալից իրադարձությունները:
2022/23 մրցաշրջան
Մանկապատանեկան առաջնությունները դրամատիկ և, իհարկե, հաճելի ստացվեցին գարունը, որտեղ մեր ակադեմիայի թիմերից շատերը անկասելի տեսք ունեին:
11 թիմից 5-ը տիտղոս նվաճեց իր տարիքային առաջնությունում: «Փյունիկ 2006»-ը և «Փյունիկ 2011-1»-ը դարձան գավաթակիրներ, «Փյունիկ 2007»-ն ու «Փյունիկ 2010-1»-ը հաղթեցին առաջնություններում: «Փյունիկ Աղջիկներ»-ն էլ բարձրացրին Հայաստանի Կանանց Առաջին խմբի գավաթը՝ իրավունք ստանալով մասնակցել Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին:
Միջազգային մրցաշարեր
Սոչի, Ռուսաստան
Սոչիի մրցաշար
Երևանյան ակումբի ղեկավարությունն ու մարզիչները մեկ անգամ չէ, որ ընդգծել են միջազգային մրցաշարերի կարևորությունը երեխաների առաջընթացի կտրուկ ապահովման հարցում: Եվ անցնող տարին այդ տեսանկյունից բեղմնավոր ստացվեց:
«Փյունիկ 2007»-ն ու «Փյունիկ 2008»-ը մեկնեցին Սոչի՝ մասնակցելու մանկապատանեկան մրցաշարի: Մեր տղաների մրցակիցներն էին ռուսական հեղինակավոր ակումբների ակադեմիաները՝ «Կրասնոդար», «Սոչի» և «Ռոստով»: Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ «Փյունիկ 2007»-ը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սևակ Արամյանի «Փյունիկ 2008»-ը նվաճեց բրոնզե մեդալները:
«Փյունիկ 2007»-ից Զավեն Խուդավերդյանը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Տիգրան Գևորգյանը ստացավ լավագույն հարձակվողի մրցանակը, իսկ Սերգեյ Հարությունյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան:
«Փյունիկ 2008»-ի ֆուտբոլիստները ևս 3 անհատական մրցանակ ապահովեցին: Ալեն Սահակյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Գևորգ Վարդանյանը՝ լավագույն պաշտպան, իսկ Արթուր Պետրոսյանը՝ լավագույն դարպասապահ:
Երևան, Հայաստան
Simon Cup
«Փյունիկի» ակադեմիայից 2008 և 2009 թվականների թիմերը առաջնությունների եզրափակիչ հատվածում մասնակցեցին Simon Cup մրցաշարին, որը կազմակերպվել էր «Ուրարտուի» նախաձեռնությամբ: Հայաստան էին ժամանել ռուսական «Կրասնոդար», «Սպարտակ», «Ուրալ» ակումբների ակադեմիաների թիմերը:
Սարգիս Նազարյանի գլխավորությամբ «Փյունիկ 2009»-ը իր տարիքային խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով «Ուրալին»: Սևակ Արամյանը իր թիմի հետ այս մրցաշարից նույնպես չվերադարձավ ձեռնունայն՝ գրավելով երրորդ տեղը:
Այս մրցաշարում մեր տղաները ապահովեցին երկու անհատական մրցանակ: «Փյունիկ 2009»-ից Սերյոժա Հարությունյանը ճանաչվեց լավագույն դարպասապահ, իսկ Նարեկ Մելիքյանը՝ լավագույն հարձակվող:
Մոսկվա, Ռուսաստան
«Բեսկովը ու նրա թիմը»
Տարին մեր պատանիները եզրափակեցին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած մանկապատանեկան մրցաշարով՝ «Բեսկովը ու նրա թիմը»: Մեր ակադեմիայից Ռուսաստան էր մեկնել Հովհաննես Բարբարյանի «Փյունիկ 2011-1»-ը: Մրցաշարը ամենամյա է ու հեղինակավոր, որին մշտական մասնակցություն ունենան ռուսական ֆուտբոլի լավագույն դպրոցների թիմերը:
Տղաները հավասարը հավասարի պայքար առաջարկեցին մոսկովյան «Սպարտակին» ու ԲԿՄԱ-ին: Մեր պատանի ֆուտբոլիստները մեկ շաբաթում անցկացրին, ընդհանուր առմամբ, 6 խաղ, որոնցից 3-ում հաղթանակ տոնեցին՝ զբաղեցնելով 10-րդ տեղը: Ինչպես մրցաշարի ավարտից հետո նշեց «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը, նման մակարդակի մրցաշարերը անգնահատելի փորձ են տալիս ու օգնում հասկանալ ուժեղ և թույլ կողմերը: Սողոմոնյանը նաև ընդգծեց, որ գալիք տարում ավելանալու են նման մրցաշարերի թիվը:
Իր խաղով առանձնակի տպավորեց կիսապաշտպան Նարեկ Ավետիսյանը: Մեր ֆուտբոլիստը 3 անգամ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ընդհանուր առմամբ, խփելով 4 գոլ: Կազմակերպիչների որոշմամբ` Ավետիսյանը ճանաչվեց և ստացավ «Փյունիկ 2011»-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Համագործակություններ
Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ համատեղ աշխատանքը արդեն 2-րդ տարին անընդմեջ օգնում է մշտապես մնալ ֆուտբոլային թարմ տենդենցների կենտրոնում ու նոր միտումները կիրառել նաև մեր մարզադպրոցում: Մեր մարզիչները այս տարի նույնպես այցելեցին եվրոպական հեղինակավոր ակադեմիաներ, լսեցին դասախոսություններ տվյալ դպրոցների առանձնահատկությունների ու մոտեցումների մասին:
Մեր ակադեմիայի ներկայացուցիչները տարվա ընթացքում այցելել են հեղինակավոր ակումբների ակադեմիաներ, ինչպիսիք են «Սևիլիան» (Իսպանիա), «Ռոման» (Իտալիա), «Լեգիան» (Լեհաստան), «Մոնակոն» և «Դինամո Թբիլիսին» (Վրաստան): Մարզիչները տեղում ուսումնասիրել են հեղինակավոր ակումբների ակադեմիաների աշխատելաոճը, մեթոդները, մարզումային ծրագրերն ու ընթացքը:
Այս այցելություններից հետո բազում նորարություններ հաջողությամբ կիրառվում են մեր ակումբում, ինչպես տեխնիկական վերազինման, այնպես էլ մարզչական մոտեցումների տեսանկյունից: Հաջորդ տարի դրանք կամբողջականացվեն և հասանելի կլինեն մեր բոլոր սաների համար:
Փորձի փոխանակում
Իսկ արդեն հարազատ պատերի ներքո փորձով լեցուն դասընթացներ անցկացրին Իտալիայում հեղինակություն վայելող մարզիչներ՝ Օրեստե Չինկվինին, Ստեֆանո Գուիդոնին, Լորենցո դի Լորիոն և Կլաուդիո Գաուդինոն: Եռօրյա այցի ընթացքում իտալացի մարզիչները ծանոթացել էին մեր ակումբի տեխնիկական հնարավորություններին, հետևել տարբեր տարիքային թիմերի մարզումներին, շփվել, քննարկումներ ունեցել ակումբի ղեկավարության ու մարզիչների հետ: Իտալացի մասանգետների տված գիտելիքներից շատերը կիրառելի դարձան տարվա ընթացքում:
Տեխնիկական վերազինումներ
GPS համակարգ
Այս ժամանակակից համալրումը թույլ է տալիս հասկանալ ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը ինչպես խաղի, այնպես էլ մարզումների ընթացքում: GPS համակարգի օգնությամբ մեր մարզիչները կարող են հասկանալ, թե որքան ուժ և էներգիա է ծախսել ֆուտբոլիստը մինչև այդ պահը, պարզել նրա խաղի ինտեսիվության մակարդակը հանդիպման տարբեր փուլերում, որքան տարածություն է հաղթահարել ամբողջ խաղի ընթացքում և արդյունքում, եզրակացության հասնել թե որքանով նա պատրաստ կլինի հաջորդ խաղի համար: «Փյունիկի» թիմերից մանկապատանեկան առաջնություններում այս համակարգով աշխատում է երկու թիմ, իսկ հաջորդ տարի այս թիվը կավելանա ևս երեքով:
VEO տեսախցիկներ
Մեր ակադեմիայի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար այս տարի ակումբը ձեռք բերեց VEO սպորտային տեսախկիցներ: Այս համակարգի օգնությամբ մեր մանկապատանեկան թիմերի խաղերը և մարզումները ենթարկվում են վերլուծության VEO-ի արհեստական բանականությամբ: Մեծ հեղինակություն վայելող ընկերության տեսախցիկների հնարավորությունները տպավորել են նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին:
Այս վերազինումը օգնեց ընդլայնել մեր վերլուծական կենտրոնի աշխատանքը, և Հայաստանի առաջնություններում հանդես եկող մեր պատանեկան թիմերը ունեն արդեն առանձին վերլուծաբաններ, որոնց մեծապես օգնում են նաև երիտասարդների մարզումների ժամանակ դռոնից ստացվող տվյալները:
Նոր փոքր դաշտ
Այս տարի մեր մարզադպրոցում կառուցվեց ու շահագործման հանձնվեց արհեստական խոտածածկով նոր փոքր դաշտ, որտեղ մարզումներ են անցկացնում, ելույթներ ունենում 2012 և 2013 թվականների թիմերը: Այս դաշտում ևս անցկացվեց լուսավորություն, և հետագայում այդտեղ հնարավոր կլինի ընդունել խաղեր նաև երեկոյան ժամերին: Հատկանշական է, որ արհեստական դաշտը պատվիրված է համաշխարհային շուկայում առաջատար Limonta ընկերությունից ու այն սերտիֆիկացված է ՖԻՖԱ-ի կողմից:
Հրավերներ հավաքականներից
Մեր ակադեմիայից 54 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ:
Համալրումներ
Այս տարվա հունվար ամսից մեր ակադեմիայում լայնորեն սկսեց կիրառվել ֆիզպատրաստության ծրագիր, որի աշխատանքները համակարգում է Հայկ Ոսկանյանը: Իսկ ակադեմիայի տարածքում ստեղծվեց ֆիզպատրաստության հատուկ գոտի՝ անհրաժեշտ սարքավորումներով, որոնք մեծապես օգնում են երիտասարդ ֆուտբոլիստների վերապատրաստման պրոցեսում:
Բացի դրանից, «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի հրավերով՝ ամռանը Հայաստան ժամանեց և մեր ակադեմիային միացավ՝ աթլետիկայի Խորհրդային Միության, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Գալինա Բուխարինան: Լեգենդար մարզիչը սովորեցրեց երեխաներին վազքի ճիշտ տեխնիկան, որի հիմքում ընկած է ֆիզիկական շարունակական զարգացումը` հավասարակշռություն, կորդինացիա ու կեցվածք:
Մեր թիմերի արդյունքները մանկապատանեկան առաջնությունների 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում
«Փյունիկ 2011-2»
Հայաստանի Մ13 առաջնության Բ խումբ
Նոր մրցաշրջանից սկսած թիմը գլխավորում է Սարգիս Նազարյանը: Փորձառու մասնագետը իր թիմի հետ Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնության Մ2 ենթախմբում անցկացրել է 8 խաղ, տոնել նույնքան հաղթանակ, և գոլերի տպավորիչ տարբերությամբ՝ 72:0, 24 միավորով առաջինն է:
«Փյունիկ 2011-1»
Հայաստանի Մ14 առաջնության Ա խումբ
Հովհաննես Բարբարյանի թիմն արդեն լուրջ հայտ է ներկայացրել իր տարիքային խմբում հաղթող դառնալու համար: Մեր տղաները 11 խաղից հետո 9 հաղթանակ են տոնել, գրանցել 2 ոչ-ոքի և վաստակած 29 միավորով առաջատարն են:
«Փյունիկ 2010-1»
Հայաստանի Մ15 առաջնության Ա խումբ
«Փյունիկ 2010-1»-ը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Սևակ Արամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Հայաստանի մինչև 15 տարեկանների Ա խմբում 3-րդն է՝ վաստակած 14 միավորով:
«Փյունիկ 2010-2»
Հայաստանի Մ15 առաջնության Բ խումբ
Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ «Փյունիկ 2010-2»-ը համառ պայքար է մղում իր խմբում: Մեր տղաները 11 խաղից հետո 21 միավոր են վաստակել և զբաղեցնում են 3-րդ տեղը:
«Փյունիկ 2009»
Հայաստանի Մ16 առաջնության Ա խումբ
Արամ Գյուլբուդաղյանը նախորդ մրցաշրջանում օգնեց «Փյունիկ 2006»-ին նվաճել Հայաստանի գավաթը իր տարիքային խմբում, իսկ հիմա առաջատար դիրքում է իր նոր թիմի հետ միասին:«Փյունիկ 2009» 10 խաղից հետո տոնել է 8 հաղթանակ և գրանցել 2 ոչ-ոքի:
«Փյունիկ 2008»
Հայաստանի Մ17 առաջնության Ա խումբ
«Փյունիկ 2008»-ը արդեն իսկ չեմպիոնության լուրջ հայտ է ներկայացրել: Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ թիմը 12 խաղում տոնել է նույնքան հաղթանակ և վաստակել 36 միավոր: Գոլերի տարբերությունը նույնպես համոզիչ է՝ 39:5-ի:
«Փյունիկ 2007»
Հայաստանի Մ18 առաջնության Ա խումբ
Լևոն Ստեփանյանի «Փյունիկ 2007»-ը նույնպես հաղթարշավ է անցկացնում: 12 հանդիպումից հետո նույնքան հաղթանակ և 11 միավորի առավելություն մոտակա հետապնդող «Ուրարտու 2007-1»-ի նկատմամբ:
Հեղինակ ու լուսանկարներ՝ Գրիգոր Ավագյան