Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր առաջնության առաջատար «Նոային», որը Շենգավիթի «Ջունիոր սպորտ» մարզադաշտից հեռացավ արդեն հետապնդողի կարգավիճակում:
Հանդիպման մեկնարկային րոպեներին «Փյունիկը» մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին, որի արդյունքում մեր թիմը կարողացավ 11 մետրանոց վաստակել: Այն դիպուկ իրացրեց Հովհաննես Հարությունյանը:
Երկրորդ կեսի միջնամասում Խոսե Կարաբալյոյի հարվածից հետո փրկեց Օգնեն Չանչարևիչը, սակայն հետ եկած գնդակը դարպասն ուղարկեց Յուսուֆ Օտուբանջոն՝ կրկնապատկելով մեր առավելությունը: Րոպեներ անց Վագներ Գոնսալվեշի իրացրած տուգանայինից հետո «Փյունիկում» իր առաջին գոլը խփեց պաշտպան Անտոն Բրատկովը:
Այս հաղթանակից հետո մեր թիմը գլխավորեց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ հավաքած 79 միավորով: «Փյունիկը» վերջին տուրի հանդիպումը կանցկացնի մայիսի 25-ին՝ Գյումրիում ընդդեմ «Շիրակի»: Այս խաղում անգամ ոչ-ոքին բավարար կլինի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: