Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկն» ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կնքել են համագործակցության նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտ:
«Ես շատ ուրախ եմ` Եղիշե Մելիքյանն երկարաձգել է պայմանագիրը: Դա նշանակում է, որ «Փյունիկը» կպահպանի մարտական ոգին ու բնավորությունը, որն օգնում է մեզ պայքարել հաղթանակի համար ամեն խաղում, ինչպես նաև կշարունակի ուրախացնել մեր հավատարիմ երկրպագուներին և օրինակ ծառայել «Փյունիկի» մարզադպրոցի սաների համար»,-նշեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:
Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2022 հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետը ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում: Նա մեկական անգամ ճանաչվել է Հայաստանի (2022) ու Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ (2021/22): Ընդհանուր առմամբ, «Փյունիկի» ղեկին Մելիքյանն ունի հաղթանակների 60% հարաբերակցություն:
«Ես շատ երջանիկ եմ շարունակել ճանապարհը «Փյունիկի» հետ միասին: Մենք ունենք նոր նպատակներ և սկսելու ենք նոր էջից: Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Ես շատ եմ սիրում «Փյունիկը», դժվար է պատկերացնել իմ կյանքը առանց այս ակումբի, այդ փաստը ևս մեծ դեր է խաղացել որոշում կայացնելիս: Հպարտ եմ, որ միասին ստեղծել ենք նման թիմ և կոլեկտիվ, հաղթահարել ենք շատ դժվարություններ, և նոր մարտահրավերները մեզ չեն վախեցնում: Կոչ եմ անում երկրպագուներին լինել միասնական: Վստահ եմ՝ միասին շարժվելու ենք առաջ ու դեպի վերև»,-ասաց Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Շնորհավորում ենք Եղիշե Մելիքյանին նոր պայմանագրի ստորագրման առթիվ ու մաղթում նոր հաղթանակներ մեր թիմի ղեկին: