0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Շիրակից մինչև Երևան. «Փյունիկի» գերազանց ելույթների տպավորիչ թվերն ու փաստերը

Մեկամյա ընդմիջումից հետո «Փյունիկը» կրկին ուժեղագույնը ճանաչվեց՝ ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Փորձառու և հմուտ մասնագետ Եղիշե Մելիքյանը մեր թիմին 2-րդ անգամ չեմպիոնական բարձունքին հասցրեց:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» 4-րդ մրցաշրջանն անցկացրեց IDBank Պրեմիեր լիգայում: 36 հանդիպումներում մեր թիմը տոնեց 24 հաղթանակ, 10 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց ընդամենը 2 պարտություն, խփեց 84 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 28 գնդակ: Չեմպիոնն առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետն էր և ամենահուսալի պաշտպանությունն ուներ:

Խփած գոլերի քանակը լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 17 առաջնություններում: Վերջին անգամ ավելի շատ գոլեր փյունիկցիները խփել էին 2006թ. առաջնությունում՝ 28 խաղում 86 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Իսկ ամենաբարձր արդյունավետությամբ մեր թիմն աչքի է ընկել 1994թ.՝ 27 խաղում խփելով 110 գոլ:

Փյունիկցիներն առաջնությունում մի շարք տպավորիչ ցուցանիշներ գրանցեցին ու արժանիորեն նվաճեցին չեմպիոնի տիտղոսը: Մեր թիմը խոշոր հաշվով 10 հաղթանակ տոնեց, մեկնարկից 20 խաղ շարունակ անպարտելի մնաց՝ տոնելով 14 հաղթանակ, 6-ում գրանցելով ոչ-ոքի: Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկը» 8 անընդմեջ հաղթանակ տոնեց:

Միայն առաջնության 21-րդ տուրում մեր թիմն առաջին պարտությունը կրեց՝ գարնանային հատվածի մեկնարկային խաղում 1-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: 36 հանդիպումներից միայն մեկում («Վան»՝ 0-1) փյունիկցիներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Փոխարենը, 13 խաղում մեր թիմի դարպասն անառիկ մնաց:

Տպավորիչ էին «Փյունիկի» ելույթները նաև առաջնության վերջնագծում՝ 6 անընդմեջ հաղթանակ, 12 խաղ անպարտելի (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի):

14 տարի անց Էդգար Մալաքյանը 4-րդ ոսկե մեդալը ստացավ «Փյունիկում»

33-ամյա Էդգար Մալաքյանը թիմի հնաբնակն է: Նա «Փյունիկում» նորամուտը նշել է 2007թ. նոյեմբերի 10-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական տուրի խաղում: Մեր թիմի կազմում Մալաքյանը Հայաստանի առաջնություններում 149 խաղ է անցկացրել, որը 7-րդ ցուցանիշն է ամենափորձառու փյունիկցիների ցանկում, որը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը՝ 365 խաղ:

Նախորդ առաջնության գարնանային հատվածում Մալաքյանը երկար ընդմիջումից հետո վերադարձավ հարազատ ակումբ՝ տեղափոխվելով «Արարատից»: Փորձառու ֆուտբոլիստն իր 4-րդ ոսկե մեդալը ստացավ: Նա «Փյունիկում» չեմպիոն էր դարձել 2008-2010թթ:

Քառակի չեմպիոն է նաև օրերս «Փյունիկից» «Նոա» տեղափոխված 34-ամյա Արտակ Դաշյանը: Նա մեր թիմի կազմում 2-րդ ոսկե մեդալը ստացավ: Իսկ մինչ այդ չեմպիոնական առաջին երկու տիտղոսներին Դաշյանն արժանացել էր «Ալաշկերտում» 2017 և 2018թթ.:

Արտակ Գրիգորյանն ամենատիտղոսակիրն ու ամենափորձառուն է թիմի ներկայիս կազմից

Չեմպիոնական տիտղոսների քանակով մեր թիմի ներկայիս կազմից Մալաքյանին ու Դաշյանին գերազանցում է միայն 36-ամյա Արտակ Գրիգորյանը, որը դարձավ վեցակի չեմպիոն: Գրիգորյանն իր առաջին ոսկե մեդալը նվաճել է 2011թ. «Ուլիսում», այնուհետև 4 անգամ (2016-2018, 2021թթ.) չեմպիոն է դարձել «Ալաշկերտում»:

«Փյունիկում» առաջին մրցաշրջանն անցկացրած Արտակ Գրիգորյանն առաջնության մասնակիցներից ամենափորձառուն էր: Նա կարող էր դառնալ Հայաստանի առաջնություններում 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը, եթե մասնակցեր գարնանային հատվածի բոլոր 16 հանդիպումներին: Սակայն փորձառու ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 9 անգամ՝ անցկացրած խաղերի ընդհանուր քանակը հասցնելով 393-ի: Հուսանք, որ Գրիգորյանը կշարունակի ելույթները ու կհաղթահարի երանելի բարձունքը:

Յուսուֆ Օտուբանջոյի ուշագրավ ցուցանիշները

Ավարտված առաջնությունում «Փյունիկում» արդյունավետությամբ կրկին աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն, որին բաժին հասավ թիմի խփած գոլերի մեկ քառորդը: Նիգերիացի հարձակվողը 21 գնդակով դարձավ առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուն՝ ընդամենը 2 գոլ զիջելով Արթուր Միրանյանին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ նա 17 գնդակով Լուկա Յուրիչիչի հետ ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Օտուբանջոն մի քանի ուշագրավ ցուցանիշ գրանցեց: Նախ, նա արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Հայաստանի առաջնություններում «Փյունիկում» խփած գոլերի քանակով (38) նիգերիացին դարձավ թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը (31 գոլ):
Օտուբանջոն կրկնեց թիմի մեքսիկացի նախկին հարձակվող Սեսար Ռոմերոյի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն այլազգի ֆուտբոլիստների մեջ: Վերջինս 2014/15թթ. առաջնությունում «Փյունիկում» 21 գոլ էր խփել ու շիրակցի Ժան Ժակ Բուգուհիի հետ ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու: Օտուբանջոն դարձավ մեկ մրցաշրջանում 21 գոլի սահմանագիծը հատած 8-րդ փյունիկցին: Ռեկորդակիրը թիմի պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանն է, որը 1994թ. առաջնությունում 39 գոլ է խփել:

Ավարտված առաջնությունում Օտուբանջոն միակն էր, որին հաջողվեց 2 հեթ-տրիկի հեղինակ դառնալ՝ 3-ական գոլ խփելով «Վանի» և «Վեստ Արմենիայի» դարպասները: Առաջնության 31-35-րդ տուրերում «Փյունիկի» ռմբարկուն խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 5 խաղում 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նա 11 գոլով ամենաարդյունավետն էր առաջնության գարնանային հատվածում: Միջին արդյունավետությամբ էլ (0,67, 21 գոլ 31 խաղում) Օտուբանջոն լավագույնն էր առաջնությունում՝ գերազանցելով Արթուր Միրանյանին (0,63, 23 գոլ 36 խաղում):

Ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում Օտուբանջոյի հաշվին արդեն 98 գոլ է գրանցված, որից 42-ը՝ «Փյունիկի» կազմում: Շատ հաճելի կլինի, եթե հոբելյանական՝ 100-րդ գոլին ականատես դառնանք եվրագավաթային հանդիպումներում:

Ստանիսլավ Բուչնևն առաջնության ամենահուսալի դարպասապահն է

Առաջնության ամբողջ ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Ստանիսլավ Բուչնևը՝ 31 հանդիպումներում հուսալիորեն պաշտպանելով մեր թիմի դարպասը, որոնցում ընդամենը 24 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,77 գոլ): Խաղերից 12-ում ռուս դարպասապահը դարպասն անառիկ պահեց:
Առաջնության աշնանային հատվածում 5 խաղ անընդմեջ՝ 529 րոպե շարունակ մրցակիցներին չի հաջողվել գրավել Բուչնևի պաշտպանած դարպասը։ 3 ցուցանիշներով էլ Բուչնևը լավագույնն է առաջնության մասնակից դարպասապահների շրջանում:

Հովհաննես Հարությունյանը բոլորից շատ 11մ հարված իրացրած ֆուտբոլիստն է

«Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 17 հարված, որից իրացվել է 14-ը։ Մեր թիմի օգտին նշանակված 14 հարվածներից 12-ն են ավարտվել դարպասի գրավմամբ։ Արդյունավետությամբ աչքի է ընկել Հովհաննես Հարությունյանը՝ դիպուկ իրացնելով 8 հարվածներից 7-ը: Դա առաջնության մասնակիցների մեջ լավագույն արդյունքն է։ Միայն ալաշկերտցի Անատոլի Այվազովին է հաջողվել հետ մղել Հարությունյանի 11մ հարվածը: Ընդհանուր առմամբ Հարությունյանն առաջնությունում 12 գոլի հեղինակ դարձավ, ինչը նրա համար արդյունավետության անձնական ռեկորդ է:
Յուսուֆ Օտուբանջոն 3 հարվածներից 2-ն է դիպուկ իրացրել: Մեկական անգամ 11մ նշակետից գոլ են խփել Էդգար Մալաքյանը, Արտակ Դաշյանն ու Լուկաս Վիլյելան:

«Փյունիկի» դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից 2-ն է դիպուկ իրացվել։ Արարատցի Ռանսոմ Իբեհը գրավել է Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը, իսկ Ստանիսլավ Բուչնևը հետ է մղել իր դարպասին նշանակված 11մ երկու հարվածներից մեկը՝ հաղթող դուրս գալով բանակային Սերոժ Թիթիզյանի հետ մենամարտում:

Կառաբալյոյի և Բրատկովի ռեկորդային ցուցանիշները

Խոսե Կառաբալյոն մայիսի 14-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում «Փյունիկի» կազմում IDBank Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց։ Նա դարձավ նման ցուցանիշ գրանցած թիմի այլազգի առաջին ֆուտբոլիստը:

Անտոն Բրատկովը դարձավ Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումների (89) մասնակցած ուկրաինացի ֆուտբոլիստը: «Փյունիկի» պաշտպանը գերազանցեց ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Չերևկոյի ցուցանիշը, որն «Ուրարտուի» և «Իմպուլսի» կազմերում ընդհանուր առմամբ 66 խաղ էր անցկացրել: Բրատկովն ավարտված առաջնությունում փյունիկցիներից բոլորից շատ՝ 33 խաղ է անցկացրել: Մայիսի 21-ին «Նոայի» հետ կայացած խաղում Բրատկովը բացեց գոլերի հաշիվը IDBank Պրեմիեր լիգայում:

2023/24թթ. առաջնության 36 հանդիպումներում Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս բերեց 31 ֆուտբոլիստների, որոնցից 9-ն էին հայ։ 10 ֆուտբոլիստներ՝ Արտակ Գրիգորյանը, Վագներ Գոնսալվեսը, Թաոֆիք Ջիբրիլը, Սեմ Հենդրիկսը, Գուստավո Մարմենտինին, Ռավանելի Ֆեռեյրան, Ռեժիս Տոսատի Ջակոմիրը, Սոլոմոն Իմե Ուդոն, Տարիկ Իսիչը և Հրաչյա Սարգսյանը նորամուտը նշեցին «Փյունիկում»:

Խփած 84 գոլերի հեղինակներ դարձան 19 փյունիկցիներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Մարկ Ավետիսյանը: Անտոն Բրատկովից բացի, «Փյունիկում» գոլերի հաշիվը բացեցին նաև Լևոն Վարդանյանը, Վագներ Գոնսալվեսը, Ռեժիս Տոսատի Ջակոմիրը, Սեմ Հենդրիկսն ու Գուստավո Մարմենտինին:

Առաջնությունում փյունիկցիները 65 անգամ զգուշացվել են, Էդգար Մալաքյանը (2 անգամ) և Սերգեյ Վակուլենկոն էլ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7-ական անգամ դեղին քարտի են արժանացել Յուսուֆ Օտուբանջոն ու Ջեյմս Սանտոսը:

Ներկայացնում ենք «Փյունիկի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ավարտված առաջնությունում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Անտոն Բրատկով

33

1

3

2. Յուսուֆ Օտուբանջո 

31

21

7

3. Ստանիսլավ Բուչնև

31

-24

6

4. Դավիդ Դավիդյան

31

1

3

5. Խոսե Կառաբալյո

30

4

2

6. Ջեյմս Սանտոս 

30

4

7

7. Միխայիլ Կովալենկո

30

3

4

8. Վագներ Գոնսալվես 

29

7

4

9 Լուկաս Վիլյելա

29

4

5

10. Հովհաննես Հարությունյան

28

12

3

11. Ջունինյո

28

2

1

12. Արտակ Դաշյան 

27

7

2

13 Էդգար Մալաքյան

26

3

1 (2)

14. Սեմ Հենդրիկս 

25

5

1

15. Սերգեյ Վակուլենկո 

23

-

2 (1)

16. Արտակ Գրիգորյան

20

-

4

17. Խուան Բրավո 

17

2

3

18 Թաոֆիք Ջիբրիլ

15

-

-

19. Լուկա Յուրիչիչ 

12

2

3

20. Լևոն Վարդանյան

12

1

-

21. Սոլոմոն Իմե Ուդո 

12

-

-

22. Արման Հովհաննիսյան

9

-

1

23. Գուստավո Մարմենտինի 

7

2

1

24 Ռավանելի Ֆեռեյրա 

7

-

-

25. Հենրի Ավագյան

5

-4

-

26. Ռեժիս Տոսատի Ջակոմիր

5

1

-

27. Նիկիտա Բառանով

5

-

1

28. Տարիկ Իսիչ 

5

-

-

29. Եվգենի Կոչուկ

5

-

-

30. Սերժ Դեբլե

4

1

1

31. Հրաչյա Սարգսյան

2

-

-

Հեղինակ ու լուսանկարներ՝ Գրիգոր Ավագյան

Վերջին նորություններ