0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիա. Չեմպիոնների լիգա, 7 գավաթ և միջազգային մրցաշար

Հայաստանում մանկապատանեկան առաջնություններում ավարտին մոտեցավ 2023/24 մրցաշրջանը: «Փյունիկը» ներկայացնող թիմերն այս մրցաշրջանում տպավորիչ արդյունքներ գրանցեցին՝ ապահովելով 7 գավաթ, ինչպես նաև Երիտասարդական Չեմպիոնների լիգայի նախնական փուլի ուղեգիր: Հատկանշական է, որ մեր սաներն այս տարի հնարավորություն ունեցան նաև իրենց ուժերը փորձելու Հունաստանում: 

Մեր մամուլի ծառայությունը խոշորացույցի տակ է պահել «Փյունիկի» ակադեմիայի թիմերի հաջողությունները ներքին առաջնություններում, ինչպես նաև անդրադարձ կատարել միջազգային մրցաշարերին: 

«Փյունիկ 2007». Երկու գավաթ 

Լևոն Ստեփանյանի թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում տպավորեց իր կայունությամբ: 

Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության Ա խմբում, առջևում ունենալով դեռ հինգ խաղ, հաղթող դառնալուց բացի, մեր թիմն այդպես էլ չճաշակեց պարտության համը: Այս հաղթանակի շնորհիվ  «Փյունիկ 2007»-ն իրավունք ստացավ մասնակցելու Երիտասարդական Չեմպիոնների լիգայի նախնական փուլին:

Գավաթի խաղարկությունում ևս խնդիրներ չունեցավ Լևոն Ստեփանյանի թիմը՝ բոլոր խաղերում հաղթելով բացառապես խոշոր հաշիվներով և «Փյունիկ» բերելով հերթական մրցանակը՝ Հայաստանի գավաթը։

«Փյունիկ 2007»-ից լավագույն ռմբարկուն Աշոտ Գրիգորյանն էր՝ 13 գոլով:

«Փյունիկ 2008». Երկու գավաթ, Elite Neon Cup մրցաշար, Աթենք

«Փյունիկ 2008»-ը գարնանը մեկնեց Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ մասնակցեց «Elite Neon Cup» մրցաշարին: Մեր սաները տպավորիչ խմբային փուլ անցկացրին՝ այն ավարտելով 2-րդ տեղով՝ «Ինտերի» Վրաստանի ակադեմիայի թիմի հետ ունենալով հավասար միավորներ, սակայն զիչելով նրանց ընդամենը երկու գոլի տարբերությամբ։ Մեր սաները, ընդհանուր առմամբ, 5 խաղից հետո տոնել էին 3 հաղթանակ, մեկ ոչ-ոքի և պարտություն: 

Գերլարված և տպավորիչ էր հատկապես խմբային տուրի վերջին խաղն անգլիական «Ստոկպորտ Քաունտրիի» հետ, որտեղ մեր տղաները հաղթեցին 2:1 հաշվով։

Հունաստանի «Elite Neon Cup» մրցաշարում երեք հաղթական խաղից հետո «Փյունիկ 2008»-ը հաստատակամ քայլեր կատարեց նաև ներքին առաջնությունում: Ռոման Սիմոնյանի թիմը վաղաժամ հաղթող ճանաչվեց Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնության Ա խմբում: 

Տպավորիչ էր նաև գավաթի խաղարկությունը, որտեղ մեր սաները կրկին ոսկե մեդալով վերադարձան տուն: Մեր թիմը հեգեմոնիան հաստատեց իր վիճակագրությամբ՝ 4 խաղում 13 խփած և մեկ բաց թողած գնդակ:

«Փյունիկ 2008»-ից առաջնությունում լավագույն ռմբարկուն Արտյոմ Ալեքսանյանն էր՝ 12 գոլով:


«Փյունիկ 2009». Մեկ գավաթ

Արամ Գյուլբուդաղյանի թիմն այս մրցաշրջանում առաջնությունում համառ պայքար մղեց:

Մեր տղաներն իրենց վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթեցին «Ուրարտուի» հասակակիցներին և դարձան Հայաստանի մինչև 16 տարեկանների առաջնության հաղթողներ։ 

Մեր տղաներն առաջնությունն ավարտեցին 39 միավորով և 40:12-ի գոլային հարաբերակցությամբ:

«Փյունիկ 2011-1». Երկու գավաթ

Հովհաննես Բարբարյանի թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ պահում է կայունությունը: Մեր սաները Հայաստանի մինչև 14 տարեկանների Ա խմբում զբաղեցրին առաջին հորիզոնականը, ինչպես նաև հաղթեցին Գավաթի խաղարկությունում:

Այս մրցաշրջանում ևս տղաները մրցում էին մեկ տարի մեծ տարիքային խմբերի հետ, իսկ եզրափակիչում հաղթանակ գրանցեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ։

«Փյունիկ 2011-2»

«Փյունիկ 2011-2»-ը «Արարատի Արաքս 2011»-ի հետ տնային խաղում 11:1 հաշվով փայլուն հաղթանակ տոնելուց հետո, ճանաչվեց ՀՀ ֆուտբոլի Մ13 տ. մանկապատանեկան առաջնության Մ2 խմբի հաղթող։

Տարիքային խմբի փլեյ-օֆֆ փուլում մեր թիմը պարտություն կրեց և չկարողացավ ամբողջական դարձնել հաջողությունը: Մեր տղաները հասան նաև գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ, ցավոք կրկին պարտություն կրեցին:

«Simon Cup». Երևան

«Ուրարտու ՖԱ»-ի ակադեմիայում գարնան վերջին հատվածում անցկացվեց Սիմոն Իսարելյանի հիշատակին նվիրված «Simon Cup» մրցաշարը, որտեղ մեր ակադեմիայից մասնակցում էին «Փյունիկ 2010» և «Փյունիկ 2009» թիմերը:

 «Փյունիկ 2009»-ը խմբային փուլում անցկացրած 5 խաղից հետո գրանցեց 1 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Արամ Գյուլբուդաղյանի թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: 

«Փյունիկ 2010» թիմը խմբային փուլում 5 խաղից հետո 3 հաղթանակ տոնեց և գրանցեց մեկական ոչ-ոքի ու պարտություն: Մեր սաները եզրափակիչում պարտվեցին «Ուրարտուի» հասակակիցներին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն:

Վերհիշելով մեր հաջողությունները

Կարևոր է նշել, որ Մ18 տարիքային խմբում գավաթի վերջին 3 խաղարկությունում էլ հաղթել են «Փյունիկի» թիմերը
2023/24՝ «Փյունիկ 2007»
2022/23՝ «Փյունիկ 2006»
2021/22՝ «Փյունիկ 2006»

Վերջին նորություններ